Սուրեն Պապիկյանին նախարար նշանակելը չի կարող արդարացվել. Միքայել Համբարձումյան
ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին հարցրինք՝ ինչպե՞ս կմեկնաբանի պաշտպանության նախարարի վերջին փոփոխությունը, երբ Արշակ Կարապետյանն ազատվեց պաշտոնից ու նրա փոխարեն նշանակվեց Սուրեն Պապիկյանը։ Ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ Հայաստանի անվտանգային համակարգի վրա:
«Սա աննախադեպ խայտառակ իրավիճակ է, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը կալանավորված են, մեղադրանք է առաջադրվել շտաբի պետ Արտակ Դավթյանին, պաշտոնից հեռացվել են Վաղարշակ Հարությունյանը և Արշակ Կարապետյանը, քրեական հետապնդում է իրականացվում բազմաթիվ բարձրաստիճան սպաների նկատմամբ, բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, մարտական ոգու բացակայությունը խիստ մտահոգիչ են, այս ամենն ուղղակի սպառնալիք է մեր երկրին, պետականությանը, մենք կորցնելու ենք Արցախը, Հայաստանի մեր տարածքները, հեղինակազրկվում ենք, դառնում օտարի կամակատար: Ռազմական այս բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում քաղաքացիական անձի՝ Սուրեն Պապիկյանին նախարար նշանակելը չի կարող արդարացվել, նա այս իրավիճակում չի կարող կարճ ժամանակահատվածում բարձրացնել բանակի մարտունակությունը, ոգին, գոնե պատշաճ կազմակերպել մեր այն տարածքների պաշտպանությունը, որոնց նկատմամբ հավակնություն ունի հակառակորդը»,-ասաց պարոն Համբարձումյանը։
Նրա խոսքով՝ առավելագույնը, ինչ կարող է անել Պապիկյանը, հայկական զորքերի անհետևանք ու անկորուստ դուրսբերումն է հակառակորդի համար ցանկալի տարածքներից: Եվ սա, ըստ մեր զրուցակցի, պայմանավորված չէ Պապիկյանի անձով և անհատական հատկանիշներով․ «Պարզապես, ստեղծված իրավիճակում մեզ համար քիչ թե շատ դրական արդյունք ապահովելու համար պետք է ունենալ բանակի հրամանատարի հեղինակություն, մասնագիտական փորձ, քաղաքական կամք, կադրային և նյութատեխնիկական լուրջ ռեսուրս, ինչպես նաև ամենակարևորը երկրի ներսում համերաշխ ու միակուռ մթնոլորտ, որն իսպառ բացակայում է»։
Փաշինյանի օրոք հերթական ԱԱԾ տնօրենի պաշտոնին ժամանակավոր նշանակված և կարճ ժամանակ անց՝ այդ պաշտոնից ազատված Համբարձումյանը հիշեցնում է նաև, որ ուժային կառույցների ղեկավարների նման հաճախականությամբ փոփոխությունները որևէ լավ բանի չեն կարող բերել, և սա ևս մեկ վկայություն է երկրի վատ ու անարդյունավետ կառավարման:
Այնուհետև Համբարձումյանը դրական խոսքեր ասաց արդեն պաշտոնից ազատված Արշակ Կարապետյանի հասցեին։
«Պատերազմական օրերին ու դրանից առաջ երկու-երեք առիթ ունեցել եմ անձնապես շփվելու Արշակ Կարապետյանի հետ, նա թողել է հետևողական, գործի գիտակ զինվորականի, իր ընդգծված եսն ու արժանապատվությունն ունեցող մարդու տպավորություն, կարծում եմ` հրաժարական տալու համար Կարապետյանն ունեցել է խորը պատճառներ, որոնք անհամատեղելի և անհանդուրժելի են եղել իր զինվորական խառնվածքի համար»,-ասաց նա և շարունակեց․ «Ցավոք, գնալով խորապես ամրապնդվում է համոզմունքս, որ հակառակորդին զիջվելու են Հայաստանի բոլոր այն տարածքները, որոնց նկատմամբ նա ունի հավակնություն: Ես ցավում եմ, որ այդ «պատմական» առաքելությունը վերապահվեց մասնագիտությամբ պատմաբան, մարդկային դրական հատկանիշներով օժտված Պապիկյանին: Միգուցե նրան հաջողվի հանրությանը համոզել և երաշխավորել, որ ադրբեջանա-թուրքական կողմին այս ցավոտ և անօրինական զիջումները իսկապես բերելու են իշխանության համար այդքան ցանկալի «խաղաղության դարաշրջանին», որին ես ինքս չեմ հավատում»։
Hraparak.am