Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին:
ԱԺ նախագահն ընդգծել է Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը: Նա շեշտել է Ազգային ժողովի դերը կառուցողական քաղաքական երկխոսության զարգացման գործում:
ԱԺ նախագահը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության մասնակցությունը եւ ֆինանսական աջակցությունը 2019թ.-ից իրագործվող ՀՀ Ազգային ժողովին օժանդակության «Ժամանակակից խորհրդարան` ժամանակակից Հայաստանի համար» ծրագրին: Այն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում նաեւ աշխատակազմի փորձագիտական, վերլուծական կարողությունների զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հավաստիացրել է, որ անկախ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու հանգամանքից` շարունակվելու է CEPA-ով նախանշված ոլորտներում համագործակցությունը Հայաստանի հետ` որպես ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրած եւ վավերացրած պետություն:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող հարցերի: Այս համատեքստում խոսելով վերջին օրերին սահմանային իրավիճակի սրացումից` երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորման կարեւորությունը:
Կողմերը քննարկել են նաեւ հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման եւ ընդլայնման գործում օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների ակտիվացման հեռանկարները:
Tert.am