Փաշինյանին մտահոգում է ոչ թե սահմաններում տիրող ռազմական իրավիճակը, այլ՝ Մասիսի ՏԻՄ ընտրությունները
Երեկ օրը լարված էր եւ այսօր էր շարունակում է մնալ լարված՝ կապված ՀՀ սահմաններում սկսված ռազմական գործողությունների հետ: Ակնհայտ է, որ ՀՀ-ն մտնում է պատերազմական նոր փուլ: Այս իրավիճակում երկրի բոլոր պաշտոնյաների գործողությունները պետք է ուղղված լինեն ՀՀ սահմանների պաշտպանությանը. երկրի ռազմական պոտենցիալը մոբիլիզացնելուն, դիվանագիտական քայլերին, միջազգային կառույցներին ահազանգելուն եւ նմանատիպ այլ գորոծողությունների:
Երեկոյան մոնտաժված տեսաելույթով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը, որի խոսքում համոզիչ ու հուսադրող որեւէ դրույթ չկար: Իսկ այսօր պարզվեց, որ նրա համար օրվա կարեւորագույն խնդիրը Մասիս համայնքի ՏԻՄ ընտրություններն են, որոնք կայանալու են դեկտեմբերի 5-ին: Երեկվա ռազմական գործողությունների ընթացքում թեկնածուներից Դավիթ Համբարձումյանը հայտարարեց, որ երկրում ստեղծված իրավիճակով դադարեցնում է քարոզարշավը: Կարծիք կար, որ կարող է ընտրություններն անգամ հետաձգվեն: Իսկ այսօր առավոտյան Փաշինյանի ընտանեկան «Հայական Ժամանակը» գրեց, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 17-ին նոր որոշում է ստորագրել․«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Սայեն Հայրապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:
Փաստորեն, վարչապետը, երկրի սահմաններում, Սյունիքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը թողած, զբաղվում է ՏԻՄ խնդիրներով: Ակնհայտ է, որ Փաշինյանն այստեղ նույնպես, ինչպես Սյունիքի շատ համայնքներում, զգում է պարտության շունչը, եւ իր քաղաքական թիմի թեկնածուին որոշ առավելություններ տալու համար նրան նշանակում է պաշտոնակատար: ՏԻՄ օրենքի՝ փաշինյանական կառավարության մտցրած վերանշյալ կետը, որով համայնքապետի ԺՊ են նշանակում` ընտրությունից օրեր առաջ, ակնհայտորեն, ընտրողի իրավունքների խախտում է, քանի որ թեկուզ եւ կարճ ժամանակամիջոցում, համայնքը ղեկավարում է մի մարդ, որը չի անցել ընտրությունների փորձությամբ, իսկ ընտրությունների արդյունքում, գուցե՝ այդ թեկնածուն ստանա 0 քվե: Այնպես, ինչպես եղավ Սյունիքի որոշ համայնքներում: Եվ ընտրողը, շարքային բնակիչը ստիպված է հանդուրժել մի ղեկավարի, որին ինքը չի ընտրել եւ որին պարտադրում են իրեն` ուժով եւ վարչական լծակներով:
Մասիսի գործող համայանքապետ Դավիթ Համբարձումյանը հանգիստ է վերաբերվում այս նշանակմանը: Այս առընչությամբ «Հրապարակի» հարցին ի պատասխան նա ասաց.«Ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Մեր բնակչության համար, մասիսցիների համար, եւ անձամբ ինձ համար, կարեւոր չի, թե ով է ժամանակավոր պաշտոնակատարը: Ի՞նչ կա որ, թող այդ մարդը մի տասնհինգ օր լինի պաշտոնակատար: Ես այդտեղ որեւէ անհանգստանալու խնդիր չեմ տեսնում»:
Հիշեցնենք, որ ՔՊ-ի կողմից Մասիս խոշորացված համայքնում առաջադրվել է Սայեն Հայրապետյանը, ում այսօր վարչապետը համայնքապետի ԺՊ է նշանակել:
Սոնա Մարգարյան
Hraparak.am