ՀՀ նախագահն ու Սինգապուրի փոխվարչապետը քննարկել են փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Սինգապուրում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական քաղաքականությունը համակարգող նախարար Հենգ Սուի Քիթի հետ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, մանրամասնելով, որ զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հայ-սինգապուրյան երկկողմ կապերի ընդլայնման հնարավորություններն ու համագործակցության ուղղությունները:
Մասնավորապես նշվել է, որ փոխգործակցության խորացման մեծ ներուժ կա բարձր տեխնոլոգիաների, հաղորդակցության, գիտության, կրթության և մի շարք այլ ոլորտներում:
Համակարծիք լինելով, որ պետության արդյունավետ զարգացման հիմքը և շարժիչ ուժը բարձր որակի կրթությունն է, գիտելիքն ու նորարարությունը, զրուցակիցները կարևորել են մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործումը, գիտակրթական համագործակցությունը:
Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Սինգապուրի գիտակրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացման հարցերին և փոխանակման տարբեր ծրագրերի իրականացման հնարավորություններին:
Նախագահ Սարգսյանն ու Սինգապուրի փոխվարչապետը կարևորել են նաև երկու երկրների միջև շփումների և մշակութային կապերի ակտիվացումը:
Սինգապուրում ընթացող Bloomberg-ի Նոր տնտեսական համաժողովի (New Economy Forum) շրջանակում Հայաստանի նախագահը զրույցներ է ունեցել նաև հայտնի գործարար, Bloomberg ֆինանսական և մեդիա ընկերության հիմնադիր, Նյու Յորքի նախկին քաղաքապետ, քաղաքների և կլիմայի փոփոխման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Մայքլ Բլումբերգի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի, HSBC-ի խմբի գործադիր տնօրեն Նոել Քուինի հետ:
168.am