Պաշտպանության նախարարի փոփոխության բովանդակությունը պարզվեց
Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի փոփոխությունը պայմանավորեց նրանով, որ կար վարչապետի աշխատակազմի եւ նախարարության միջեւ քաղաքական հաղորդակցության խնդիր, եւ «փորձը ցույց է տվել և ցույց է տալիս, որ քաղաքական հաղորդակցությունը և քաղաքական ընդհանրության բովանդակությունը շատ կարևոր է»։
«Այս առումով կարևոր եմ համարում, որ և Արտաքին գործերի նախարարի, և Պաշտպանության նախարարի կարգավիճակում գտնվողները քաղաքական թիմի ներկայացուցիչներ են», ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը։
Նույն բացատրությունը նա տվել էր ԱԳ նախարար Արա Այվազյանին Արարատ Միրզոյանով փոխարինելիս։ Թե ինչ է ցույց տվել փորձն ու քաղաքական հաղորդակցության բովանդակությունը, ակնհայտ է Արարատ Միրզոյանի գործունեությունից․ ԱԳՆ քաղաքական հայտարարություններն աստիճանաբար զրկվել են հայկական շահերի ու պահանջների բովանդակությունից, փոխարենն արտացոլում են Մոսկվայի ու Բաքվի պահանջները, Արցախի հարցը հանգեցնելով հումանիտար օրակարգի առաջնայնությանն ու եռակողմ հայտարարության անվերապահ կատարմանը, «սահմանազատումը» եւ ՀՀ տարածք ներխուժումները «կտրելով» Արցախի խնդրից, ավելի ճիշտ՝ այդ խնդիրը փակելու փորձերից:
Զոհրաբ Մնացականյանի եւ Արա Այվազյանի պաշտոնանկությունն ու ԱԳՆ ջախջախումը հենց այդ բովանդակությունը հաղորդելու համար էին։ Հերթը հասավ Պաշտպանության նախարարությանն ու բանակին։ Խոսքը տվյալ դեպքում Արշակ Կարապետյանի կամ բարձրագույն սպայակազմի անձը չեն, այլ այն բովանդակությունը, որը հաղորդվելու է այդ կառույցին։
Lragir.am