«Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցը չի կարող կտրված լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման երաշխավորված իրավունքի իրացումից։ Ուղղակի չի կարող»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նրա խոսքով՝ այն բանաձևը, որն այսօր առաջարկվում է, դրա ներքո մենք վերջնականապես կորցնում ենք Արցախը։

«Երբ խոսվում էր դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին, Արտաքին գործերի նախարարությունն ամիսներ առաջ պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հարց չի կարելի քննարկել՝ կտրված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումից։ Այն օրը Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տրամագծորեն հակառակ բանն էր ասում, որ սրանք երեք տարբեր հարցեր են։ Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի սպանել Արցախի ինքնորոշման իրավունքը։ Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի պետական դավաճանություն։ Այն փաթեթը, որը ենթադրում է կտրված դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցը, չի կարող կտրված լինել Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքի իրացումից»,- հավելեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Մինասյանն ասաց․ «Այդ մարդը իր հայտարարություններով օրինականացնում է նաև ադրբեջանական օկուպացիան։ Այս մարդն իր հայտարարություններով պարզապես ադրբեջանա-թուրքական ցանկություններն է վերարտադրում և արհեստական հիմնավորումներ է գտնում իր ոչ հայանպաստ, ազգադավ հնարավոր լուծումն արդարացնելու համար»։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն