«Ցավոք, այդ ամենն ավելի շատ Ադրբեջանի օրակարգով է լինելու». Քաղաքագետ
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կհանդիպեն՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում։ Այս մասին նշված է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ նշված է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ այս շաբաթ տարածաշրջանում տիրող իրավիճակի և Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։
Հեռախոսազրույցների ընթացքում Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են նաև ստեղծել ուղիղ կապ` պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի՝ որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ։
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը և հանդիպումից ընդհանուր սպասելիքներին, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը նախ նշեց, որ Եվրոպական Միության կողմից ցանկություն կա միջնորդության դեր կատարելու, և Փաշինյանն ու Ալիևն որոշել են դա բավարարել։
Ինչ վերաբերում է նոր փաստաթուղթ ստորագրելուն և Ադրբեջանի կողմից «միջանցքի» վերաբերյալ հայտարարություններին, Հրանտ Միքայելյանն ասաց, որ չի կարծում, որ որևէ բան կստորագրեն։
«Չեմ կարծում, որ փաստաթուղթ կստորագրեն, այդուամենայնիվ, այս պահին ռուսական միջնորդությունը գործում է»,- նշեց Հրանտ Միքայելյանը։
Անդրադառնալով իշխանական պատգամավորների հայտարարությանը, մասնավորապես՝ Անդրանիկ Քոչարյանի, որ դեմարկացիան և դելիմիտացիան զրոյական կետից են իրականացնելու, Հրանտ Միքայելյանը նկատեց.
«Այդ զրոյական կետից սկսելը նշանակում է՝ հաշվի չառնել հայկական կողմի ունեցած պատկերները։ Խոշոր հաշվով՝ լինելու է ստիպողաբար, Ադրբեջանի օրակարգով, այսպես կոչված, «անկլավների» վերադարձ և այլն։ Դեմարկացիայի և դեմիլիտացիայի գործընթացը ոչ հրապարակային է, բայց տրամաբանությունը քիչ թե շատ հասկանալի է, ցավոք, այդ ամենն ավելի շատ Ադրբեջանի օրակարգով է լինելու»։
168.am