Ոստիկանությունում բացատրություն եմ տվել, դիմել եմ նաև ՄԻՊ-ին․ Անուշ Դաշտենցը՝ իմքայլական պատգամավորի կողմից իր հեռախոսը խլելու միջադեպի մասին
Լրագրող Անուշ Դաշտենցն այսօր գնացել է Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունք և բացատրություն տվել։
«Պնդել եմ, որ Հայկ Սարգսյանը խոչընդոտել է իմ լրագրողական մասնագիտական օրինական գործունեությանը և որ հնարավոր է՝ հիմնավոր կասկածներ ունենալու դեպքում, բողոքներ ունենամ նաև անձնական տվյալներիս գաղտնիության հետ կապված, քանի որ նա դրանց տիրապետելու հնարավորություն է ունեցել՝ մուտք գործելով իմ հեռախոս և ջնջելով տեսանյութը։ Դիմել եմ նաև ՀՀ ՄԻՊ-ին։ Առայժմ՝ այսքանը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Անուշ Դաշտենցը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը փողոցում խլել էր լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսն ու հեռացել։
Ավելի ուշ օգնականի միջոցով հեռախոսը վերադարձվել էր, սակայն լրագրողի նկարահանած տեսանյութը ջնջված էր եղել։