Որոտան համայնքի ղեկավար, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից Սուրեն Օհանջանյանը, ով երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, և որի դեմ հարուցվել էր քրեական գործ՝ երեկ վիրահատվել է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց համայնքապետի եղբայրը՝ Սեյրան Օհանջանյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածը փակ է, իրենք օգտվում են այլընտրանքային ճանապարհից։

«Որ ասեմ՝ իրավիճակը շատ լավ է՝ չէ, այդ ճանապարհը դեռ սարքում են, Խոտ գյուղով է անցնում ճանապարհը, չգիտեմ՝ հաց-մացը հասցնում են գյուղ, ուսուցիչները գնում-գալիս են։ Մենք Որոտանի հատվածով առհասարակ չենք անցնում, այն փակ է, ոչ մեկս չենք օգտվում»,- նշեց Սեյրան Օհանջանյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այլընտրանքային ճանապարհով ճանապարհը մի քանի անգամ երկարում է։

«Ճանապարհը և՛ դժվարանցանելի է, և՛ երկար․ օրինակ, եթե նախկինում 15 րոպեում կարող էինք հասնել Գորիս, հիմա մեկ ժամ պետք է, որ հասնենք այնտեղ»,- եզրափակեց Սեյրան Օհանջանյանը։

Նշենք, որ թշնամին նոյեմբերի 11-ից մաքսակետ է տեղադրել Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում և մաքսային և սահմանային վերահսկողություն է իրականացնում։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խնդրի առնչությամբ հայտարարել է, որ եթե ՀՀ քաղաքացիները ցանկանան այդ ճանապարհից օգտվել, ապա իր տրամաբանությունն իրեն հուշում է, որ պետք է որոշակի գումար վճարեն։

Հիշեցնենք՝ իրավապահ մարմինները հուլիսի 9-ի վաղ առավոտից խուզարկել էին Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Որոտան գյուղի գյուղապետ Սուրեն Օհանջանյանի բնակարանը, որից հետո նրան կալանավորել էին՝ ընտրությունների ժամանակ  բնակիչներին կոնկրետ քաղաքական ուժի ընտրելու համար ուղղորդելու և ընտրակաշառք տալու համար:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն