Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Հայ-լիբանանյան հարաբերությունները, որոնց հիմքում մեր ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու անկեղծ համակրանքն են, մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և փոխադարձ վստահությամբ: Մեզ հաջողվել է համատեղ ջանքերով ապահովել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ծավալել փոխշահավետ գործակցություն միջազգային ատյաններում, զարգացնել մշակութային, կրթական և գիտական շփումները:

Մեր ժողովուրդները ճակատագրական պահերին սատարել են միմյանց, կիսել վիշտն ու ուրախությունը, պայքարել և այսօր էլ միասնաբար պայքարում են հանուն արդարության, համամարդկային իրավունքների և արժեքների վերականգնման ու պահպանման: Հայաստանը բարձր է գնահատում Լիբանանի եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ:

Որպես Լիբանանի նվիրյալ քաղաքացիներ՝ հայ համայնքի ներկայացուցիչները լիարժեք դերակատարություն ունեն երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական ու մարզական ոլորտներում և իրենց գործունեությամբ զգալիորեն նպաստել և շարունակելու են նպաստել Լիբանանի զարգացմանը և առաջընթացին:

Մեր երկրների հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որի նպատակային օգտագործումը կխթանի փոխշահավետ համագործակցությունը: Վստահ եմ, որ միասնական ջանքերով կընդլայնենք և կամրապնդենք երկկողմ գործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության: Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և հաջողություններ Լիբանանի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու գործում, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն