Արցախի ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ ԳԱԱ պատվիրակությանը, քննարկվել են նաև ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր
Արցախի Հանրապետության (ԱՀ) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) պատվիրակությանը՝ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի գլխավորությամբ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, պետականաշինությանը վերաբերող հարցեր։
Արտգործնախարարը կարևորել է արտաքին քաղաքականությունում գիտական ներուժի դերակատարությունը՝ աշխարհաքաղաքական գործընթացները, տարբեր երկրների և տարածաշրջանների յուրահատկությունները ավելի խորը վերլուծելու տեսանկյունից։ Այս համատեքստում արժևորվել է փոխգործակցությունը ՀՀ ԳԱԱ և նրա համապատասխան կառույցների հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը։
Tert.am