Եթե պաշտոնական հաղորդագրության միջոցով տեղեկացվեց հանրությանը, որ ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներն ունեցել են հեռախոսազրույց, դա նշանակում է, որ այդ կապը գործում է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Հաղորդագրությունից հասկացվել է նաև, որ պետք է կառուցվի կամ իրականություն դառնա օպերատիվ կապ Հայաստանի և հակառակորդի պաշտպանության նախարարների միջև»։

Հարցին` այդ կապը գործո՞ւմ է արդյոք, Քոչարյանը նշեց, որ չի կարող ասել։

Անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ նա նշեց․

«Նման խնդիրները միշտ մեզ ուղեկցելու են մինչև վերջնական խնդիրների լուծումը, որը իրականություն կդառնա, երբ մտնենք դեմարկացիայի և դելիմիտացիայի փուլ։ Իսկ դրա համար երկրում պետք է ստեղծել ներդաշնակ կայուն իրավիճակ»։

Խոսելով Փաշինյան-Պուտին-Ալիևի հանդիպումից և այդ համատեքստում դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ փաստաթղթի ստորագրումից՝ Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց.

«ՀՀ-ն բազմիցս հանդես է եկել հավաստիացմամբ, որ դրան Հայաստանը կողմ է և վերջ, մենք շահագրգռված ենք, որ դա սկսվի օր առաջ, որպեսզի հստակություն մտնի` որտեղ է զրոյական կետը և այդ կետի շուրջ բանակցություններից հետո պետք է սկսվի այն խնդիրների լուծումները, որոնք կապված են առաջնագծի ինժեներական կառույցների կահավորման հետ»։

Այն հարցին` որ թվականների քարտեզների հիման վրա է կատարվելու դեմարկացիա և դելիմիտացիա, Քոչարյանը նշեց.

«Հայ ժողովուրդը ցանկանում է Տիգրան Մեծի ժամանակներից։ Խոսք կա 1920-ական թթ․ և իրավական ուժ ունեցող քարտեզների մասին։ Բանակցությունների ընթացքում պետք է գտնել մեզ համար ցանկալի զրոյական կետը, որ չունենանք կորուստներ, այլ հակառակը՝  ունենանք ձեռքբերումներ։ Բանակցությունների գործընթացի ընթացքում բնականաբար լինելու են լարվածության օջախներ»։

Ինչ վերաբերում է ՌԴ-ին պաշտոնական նամակով դիմելուն՝ Քոչարյանը նշեց, որ եթե եղել է պաշտոնական հաղորդագրություն, ապա այն ունենալու է իր տրամաբանական շարունակությունը։

«Վերջին լարվածությունների ընթացքում, երբ ես ասացի, որ բանակը կռվեց, ես դա պատահական չասացի։ Պետք է զարգացնել այդ կռվելու ունակությունը, կամքի դրսևորումը, որը միտված է մեր երկրի սահմանների պաշտպանությանը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն