«Որքանով մեզ տեղեկություններ են հասնում՝ դիրքերում կուտակումներ կան, թուրքերը դեմներս կանգնած են, մենք չենք կարողանում բարձրանալ վերևները, որ մեր աչքով տեսնենք». Նորաբակի գյուղապետ
Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ թշնամին դիմել էր հերթական սադրանքին, դիրքերում սկսվել էր փոխհրաձգություն, որի արդյունքում հայկական կողմից զոհվել էր ժամկետային զինծառայող Սուրեն Սաֆարյանը։
168.am-ի հետ զրույցում, խոսելով գյուղի և մարդկանց վիճակի մասին, Նորաբակ գյուղի ղեկավար Վազգեն Ասատրյանն ասաց․
«Կրակոցների տակ ապրող մարդկանց վիճակն ինչպե՞ս պետք է լինի։ Ճիշտ է, այս պահին իրավիճակը հանգիստ է, բայց երեկ կես ժամից ավելի այդ կրակոցների ձայները գյուղում պարզ լսվում էին, դրանից հետո մարդկանց վիճակն ինչպե՞ս կարող է լինել»։
Նա ցավով արձանագրեց, որ թշնամու սադրանքների հետևանքով երեկ հայկական կողմն ունեցել է մեկ զոհ։
«Մենք վիրավորների մասին ոչինչ չգիտենք, այսինքն՝ չգիտենք էլ՝ վիրավորներ կա՞ն, թե՞ ոչ։ Այդ կրակոցների ժամանակ գյուղում ոչինչ չենք արել, սպասում էինք, թե երբ կավարտվի։ Դե, որքանով մենք ենք լսում, ու մեզ են տեղեկություններ հասնում՝ դիրքերում կուտակումներ կան։ Թուրքերը դեմներս կանգնած են, մենք չենք կարողանում բարձրանանք վերևները, որ մեր աչքով տեսնենք։ Ամեն ինչ մեր տղերքը կիմանան»,- եզրափակեց Վազգեն Ասատրյանը։
168.am