Այս նամակը հաստատում է՝ իշխանություններն ինձ գաղտնալսելու փորձեր են իրականացրել
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ՀՀ իշխանություններն իրեն գաղտնալսելու փորձեր են իրականացնում իսրայելական Pegasus ծրագրի միջոցով։
«Այսօր Apple ընկերությունից նամակ ստացա, որն առնվազն 2 պատճառով որոշեցի հրապարակել․
1․ Այս նամակը հաստատում է իմ նախկին hայտարարություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանություններն ապօրինաբար, խախտելով իմ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իմ քաղաքական գործունեության հետ։
Կրկնում եմ՝ ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ հարձակում է իրականացվել տխրահռչակ Pegasus ծրագրով ոչ միայն իմ, այլև մերձավոր շրջապատիս և ընտանիքիս անդամների հեռախոսների վրա։
2․ Այս նամակում Apple ընկերությունը հեռախոսն անվտանգ պահելու խորհուրդներ է տալիս, որոնք, իմ համոզմամբ, ենթակա են լայն տարածման։ Իմ, հնարավոր է նաև ՀՀ այլ քաղաքացիների նկատմամբ իրականացված ապօրինի գործողությունների հետ կապված հրավիրում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրությունը։
Հ․Գ․ Նիկո՛լ, ինձանից մի վախեցիր, վախեցի՛ր Հայրենիքիս և հայ ժողովրդի գլխին բերածդ արհավիրքների հետևանքներից»,-գրել է Վանեցյանը։
Հիշեցնենք, որ մենք գրել էինք այս մասին, որ ՀՀ իշխանությունները մի քանի միլիոն դոլարով ձեռք են բերել իսրայելական Pegasus ծրագիրը, որով գաղտնալսում են իրենց քաղաքական հակառակորդներին, նաև լրատվամիջոցների խմբագիրների։ Արթուր Վանեցյանը, փաստորեն, իր օրինակով հաստատեց այս փաստը։
Hraparak.am