ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված և անհետ կորած զինծառայողների մասին ասել է․ «Վեց զոհերի ճշտված փաստ կա, մնացածը գերի են, անհետ կորած են, թե զոհված են, դրա ճշգրտումները շատ հնարավոր է մի փոքր էլ ժամանակ պահանջեն, որպեսզի վերջնական պարզ դառնա: Տեսաք, որ զոհվածի դին բերեցին, բայց այնտեղ էլի ճշտելու բան կա՝ եթե գերեվարված են, ապա ո՞ւմ ձեռքում են գտնվում, այդտեղ էլ խնդիրներ կան։ Այս պահին ԱԱԾ-ն իր խողովակներով այդ աշխատանքը տանում է», նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Իր հերթին, ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 24 զինծառայողները, ում հետ կապը նոյեմբերի 16-ին ընդհատվել էր, չճշտված տեղեկություններով, գերեվարվել են:

«Հասկանում եք, որ իմ կողմից չճշտված տեղեկություններ ասելն այդքան էլ ճիշտ չէ, ուստի եկեք պայմանական այդ վերնագրի ներքո դնենք: Չճշտված տվյալների համաձայն՝ ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել: Մի մասը, որ մտածում էինք՝ զոհված են, իրականում գերեվարված են՝ չճշտված տեղեկությունների համաձայն», ասել է Փաշինյանը:

Երկու պաշտոնյաների կցկտուր հայտարարություններից կարելի է եզրահանգել, որ «սովորականից» զատ գործ ունենք այլ հանգամանքների հետ։ Եթե հայ գերիները Բաքվի զինվորականների մոտ չեն, ո՞ւմ մոտ են այդ դեպքում։ Ռուսների՞, որոնց միջնորդությամբ, ըստ պաշտոնական տեղեկությունների, կանգնեցվել են մարտական գործողությունները նոյեմբերի 16-ին։

Հայ գերիների, իրականում պատանդների հարցը Հայաստանի դեմ ունիվերսալ լծակ է Մոսկվայի համար, ինչը բացահայտվեց դեռեւս Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի իրադարձություններից եւ այդ թեմայով ՌԴ առաջին դեմքերի հայտարարություններից։ Մուրադովի վոյաժներն ու դրանց առիթով զլմ-ներով տարածված արտահոսքերը լրացուցիչ «հմայք» են հաղորդում իրավիճակին։

Մյուս կողմից, հայ պատանդների հարցի շահարկմանն ինչ որ պահից միացավ նաեւ ՀՀ իշխանությունը, հատկապես խաղաղ դարաշրջանի կուրսը հռչակելու շեմին։ Նոյեմբերի 16-ի իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններն այս շարքի՞ց են, եւ եթե ոչ՝ ո՞վ է պահում հայ զինծառայողներին։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն