Թեհրանում մի շարք փողոցներ վերանվանվել են Բաքվին անընդունելի տարբերակներով
Նոյեմբերի 23-ին Թեհրանի քաղաքային խորհուրդը վերանվանել է 38 նրբանցքներ և փողոցներ՝ տալով դրանց կովկասյան երկրների քաղաքների անվանումներ: Այս մասին հայտնում է Intellinews.com-ը:
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ այդ անվանումները տրվել են Ադրբեջանին անընդունելի տարբերակներով: Օրինակ, Մարյամ նրբանցքը անվանվել է օկուպացված հայկական Շուշի քաղաքի անունով, բայց հենց Շուշի տարբերակով, այլ ոչ թե «Շուշա»:
Փանահի նրբանցքը վերանվավել է Նարդարանի նրբանցք: Այս գյուղը շիայական կրոնական կենտրոն է, որտեղ մեծ է Իրանի ազդեցութունը:
Բարադարանի փողոցը վերանվանվել է Բադքուբայի փողոց՝ Բաքվի հին իրանական անվանումով: Փայվանդի փողոցը դարձել է Գանձակի (Գյանջա) փողոց՝ ի պատիվ պարսիկ բանաստեղծ Նիզամի Գանջևիի, որին Բաքվում անվանում են ադրբեջանցի և այս տարի հռչակել են Նիզամիի տարի:
Յասի նրբանցքը ստացել է Սալյանի, իսկ Էհթեշամի նրբանցքը՝ Լանքարանի անվանումները, որոնք գտնվում են Ադրբեջանի հարավում և որտեղ թալիշ բնակչություն կա: Չամանի նրբանցքը կոչվելու է Առանի նրբանցք, որը ներկայիս «Ադրբեջանի» տարածքի ճիշտ անվանումն է:
Lragir.am