Աշխարհի ամենագեղեցիկ տեղը Ծավն է, պետք է գյուղը պահենք
Սյունիքի մարզի Ծավ համայնքն այն գյուղերից է, որը հայտնվել է շրջափակման մեջ։ Այս գյուղում եւս կտրվել է կապը Կապան քաղաքի հետ, քանի որ ադրբեջանական կողմը ճանապարհներին մաքսակետ է տեղադրել, ինչը խոչընդոտում է բնակիչների ազատ տեղաշարժը։ Ծավի միջնակարգ դպրոցի տնօրեն Յուրիկ Մարտիրոսյանի հետ զրուցել ենք ստեղծված իրավիճակի շուրջ։
- Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ իրավիճակ է գյուղում, ինչպե՞ս են մարդիկ ապրում։
- Նորմալ է այս պահին իրավիճակը, փառք Աստծո, տեղահանվածներ չունենք, դպրոցը գործում է, ունենք 27 աշակերտ, բոլորը տեղացի են, նույնն էլ ուսուցիչների վերաբերյալ կարող եմ ասել, մենք քաղաքից ուսուցիչ չունենք եւ առկա դասընթաց ենք վարում։ Խանութները կան, օգտվում է ժողովուրդը, բացի դրանից՝ աշուն է, բոլորս էլ մեր մառաններում ամեն ինչ ունենք։ Հույսով սպասում ենք, որ ճամփան բացվի, էլի։
- Քանի՞ բնակիչ կա գյուղում։
- 230 բնակիչ ունենք, էս գյուղերի մեջ երեւի ամենաշատ աշակերտը մեր դպրոցն ունի։ Փոքրիկ է, բայց մեր գյուղն է, պետք է պահենք։
- Աշակերտները նորմալ գալի՞ս են դասի, վախեր չունե՞ն։
- Չէ, առօրյա կյանք է, էլի, մենք մի տարի է՝ էս վիճակում ենք, ոնց որ հարմարվել ենք, էլի։
- Այլընտրանքային ճանապարհը կառուցվո՞ւմ է։
- Ես հենց նոր Կապանից եմ գալիս, մենք ունենք մեկ այլընտրանքային ճանապարհ, որը Մեղրիով է, սա մի քիչ երկար է, բայց նաեւ այստեղ էլ ունենք այլընտրանքային ճանապարհ, որի վրա այս պահին աշխատում են, հիմա ուղղակի ամենագնացներն են գնում-գալիս։
- Այդ ճանապարհը քանի՞ օրում պատրաստ կլինի՝ ի՞նչ են ասում։
- Չեմ կարող ասել, որովհետեւ ճանապարհի վրա ուղղություններ են փոխվում, որ ավելի լավ ճանապարհ կառուցվի եւ հակառակորդի դիտակետից հեռու լինի, մատչելի լինի ձմռանը, որ ավելի լավ կարողանան երթեւեկել։
- Նոր սարքվող ճանապարհով մինչեւ Կապան քանի՞ կիլոմետր է։
- Ինձ թվում է՝ տարբերություն չի տալիս, 5-6 կիլոմետր է մեր ճանապարհը, որը պետք է հակառակորդի սահմանով չանցնի։
- Մեղրիով Կապան ճանապարհն ինչքա՞ն է։
- Մեղրիով 130 կիլոմետր է։ Ես տենց մարդ չգիտեմ, որ այդ ճանապարհով գնացած լինի, ավելի շատ գնում ենք նոր բացված ճամփով, հիմա մեզ տրամադրել են ամենագնաց մեքենաներ, օրը 4 անգամ գնում-գալիս են այդ ճանապարհով։
- Բժշկական օգնության դեպքում ինչպե՞ս է լինում։
- Երկու շտապօգնության մեքենաներ կան, որոնք սպասարկում են դեպի Մեղրի, իսկ եթե չէ, ապա ամենագնացներով՝ դեպի Կապան։ Այդտեղ 4 կիլոմետրն է խնդիրը։
- Եթե մարդկանց պաշարներն ավարտվեն, ի՞նչ են անելու, կա՞ն մթերքներ, որ չեն պաշարել։ Այդ տրամադրված մեքենաներով Կապանից գնում-գալի՞ս են։
- Այդ մեքենաները տանում-բերում են, նաեւ «գազել»-ներ են տրամադրել, որ տանում են Մեղրի։
- Գյուղն ապագա ունի՞։
- Այո, առաջնահերթ պետք է մտածել, որ ժողովրդին պետք է ոգեւորել, որ այստեղ ապրեն։ Եթե բոլորը մտածեն, որ պետք է դուրս գալ, մտածեք, որ դուրս գալուց հետո հակառակորդն անմիջապես դրան է սպասում։ Աշխարհի ամենագեղեցիկ տեղը Ծավն է, ամենագեղեցիկ բնությունը Ծավն ունի, Ակսել Բակունցի «Մթնաձորը» եւ այլն։
- Ադրբեջանը Մեղրիով միջանցք է ուզում, եւ կարծես ՀՀ իշխանությունները պատրաստ են այն տալու։
- Եթե մենք սպասենք՝ Ադրբեջանն ինչ է պահանջում-անում, իզուր ենք անում։ Մենք էլ լիքը պահանջներ ունենք, ես չգիտեմ՝ կառավարությունն ինչ կորոշի, ինչ չի որոշի, բայց մեր հողը պետք է մենք պահենք։ Ո՞նց կարելի է, ես՝ ինքս, դեմ եմ միջանցք տալուն, ու մենք մեր գյուղացիներով մինչեւ վերջ պայքարելու ենք։ Հունան Ավետիսյանի գյուղն է սա։
- Մտավախություն չունե՞ք, որ թշնամին Սյունիքում առաջ կգա։
- Պետք է դեռ առաջ գնանք մենք։
- Այս իշխանության հետ կհաջողվի՞ առաջ գնալ։
- Ես չգիտեմ, ես իմ գյուղի տերն եմ։ Ինձ իմ գյուղն է պետք, մենք առաջնային լիքը խնդիրներ ունենք լուծելու, մենք ենք մեր հողի տերը։
Hraparak.am