Հունիսի 20-ի ընտրությունները դատավարությունն են ՀՀ բոլոր ժամանակների ղեկավարների. Նիկոլ Փաշինյան
Հունիսի 20-ի ընտրությունները դատավարությունն են ՀՀ բոլոր ժամանակների ղեկավարների, Մեծամորում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Եվ, այո, դուք պետք է գնաք ու ձեր գնահատականը պետք է տաք և՛ իմ գործուենությանը, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեությանը», - ասաց Փաշինյանը։
Նա ասաց՝ ակնկալում է, որ հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա առնվազն 60 տոկոս քվե։
«Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ինչ որոշում կայացնի, մենք այդ որոշմանը հնազանդ կենթարկվենք», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին ունենալու է բացարձակ իշխանություն։
«Ու դուք ձեր քվեով պետք է որոշեք, թե ով պետք է շարունակի առաջնորդել Հայաստանը, եթե դուք կորոշեք, որ ես պետք է առաջնորդեմ, ես դա կանեմ անմնացորդ, ամբողջական նվիրումով, ոչինչ չեմ խնայի հանուն Հայաստանի, հանուն ձեզանից յուրաքանչյուրի», - ասաց Նիկոլ Փաշինյանն, ապա ավելացրեց.
«Իսկ ձեզ հայտնի ուժերին տված ամեն քվեն նշանակում է, որ դուք դուռ եք բացում, որ ՀՀ քաղաքացին զրկվի սեփական երկրում տեր լինելու իրավունքից»։
Նյութը՝ Aysor.am