Սահմանային հատվածներում մայիսին տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրվում են․ փոխնախարար
Հայաստանի սահմանային հատվածներում մայիսին տեղի ունեցած իրադարձությունները կդառնան ծառայողական քննության առարկա և դրանց արդյունքների վերաբերյալ կիրազեկվեն Ազգային ժողովի պատգամավորները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչպես կմեկնաբանի մայիսին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի ունեցած ծեծկռտուքը, եթե չկրակելու հրաման չի եղել:
«Ինչ վերաբերում է ձեր նշած ժամանակահատվածում ծեծկռտուքներին, ապա դրանք իրավիճակից բխող այդ պահի թելադրանքով զինվորականների կողմից իրականացվող գործողություններ էին, որոնք կարող են և գնահատականի արժանանալ: Նշեմ նաև, որ ուսումնասիրություններ այդ առումով իրականացվում են: Կարծում եմ, որ ուսումնասիրությունները ծառայողական քննության առարկա կդառնան նաև մայիսի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները և դրանց արդյունքների մասին կիրազեկվեք նաև դուք՝ որպես Ազգային ժողովի պատգամավորներ»,- ասաց Սարգսյանը:
Armenpress.am