Flyone Armenia-ից 323 եվրոյով տոմս գնած անձը փոխհատուցում է պահանջում
Flyone Armenia ընկերության դեկտեմբերի 15-ին կայանալիք Երեւան-Մոսկվա-Երեւան անդրանիկ չվերթը չեղարկվեց։ Այն պետք է ազդարարեր Սուքիասյաններին պատկանող Flyone Armenia-ի պաշտոնական նորամուտը հայկական ավիացիոն շուկա։ Սակայն ռուսական կողմը հրաժարվել էր թույլտվություն տալ։ Պաշտոնական պատճառաբանությունը կորոնավիրուսային իրավիճակն ու սահմանափակումներն են։ Մինչ այս պահը ընկերությունը չի ստացել Ռուսաստան թռչելու թույլտվություն, ուստի դեկտեմբերի 15-ից մինչեւ հունվարի 31-ը նախատեսված բոլոր թռիչքները՝ Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղությամբ, չեղյալ են հայտարարվել։
Ընկերությունը հայտարարեց, որ իրենք հոգացել են այն ուղեւորների մեկնումների ծախսերը, որոնք տոմս են գնել իրենցից՝ տեղավորել են տարբեր օդանավերում կամ էլ փոխհատուցում են տրամադրել՝ վերադարձնելով տոմսի գումարը։ Սակայն սա արվել է առաջին օրերի թռիչքների ուղեւորների համար: Մինչեւ դեկտեմբերի 19-ը տոմս գնած անձանց էլ առաջարկել են վերադարձնել գումարը՝ տոմսի արժեքի 120 տոկոսի չափով։ Սակայն անորոշ է մնում դեկտեմբերի 20-ից հետոյի համար տոմս գնած ուղեւորների ճակատագիրը։
Մեզ դիմած քաղաքացիներից մեկը Flyone Armenia-ից Երեւան-Մոսկվա-Երեւան հետադարձով տոմս էր գնել, ընդ որում՝ ոչ թե ընկերության այդքան գովազդած մատչելի գնով՝ 39 եվրոյով, այլ երկու կողմը միասին՝ 323 եվրոյով, ու մինչ օրս ո՛չ փոխհատուցում է ստացել, ո՛չ էլ այլ տոմս են առաջարկել: Քաղաքացին փորձում է նոր տոմս գնել ռուսական ավիաուղիներով Երեւան հասնելու համար, սակայն կա՛մ տոմս չկա, կա՛մ ավելի թանկ է, իսկ իր 323 եվրոն չի կարողանում ստանալ Flyone Armenia-ից: Նախատոնական այս շրջանում մյուս ավիաընկերությունների տոմսերն էլ են սպառվել։ Իսկ հեռախոսահամարը, որը նշված է ընկերության կայքում, ոչ մի զանգի չի արձագանքում:
Flyone Armenia-ից մեր այս հարցմանն ի պատասխան՝ մի հաղորդագրություն տարածեցին, որում հիշեցնում են, որ Flyone Armenia ընկերությունը ստիպված է եղել չեղարկել դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 31-ը Երեւան-Մոսկվա-Երեւան եւ Երեւան- Կրասնոդար-Երեւան երթուղով չվերթները։ Ապա հայտնում են, որ չեղարկված չվերթների բոլոր ուղեւորներին Flyone Armenia ընկերությունն առաջարկում է ավիատոմսի գումարի ամբողջական վերադարձ (3-10 աշխատանքային օրերի ընթացքում՝ փոխհատուցման հայտի ստացման օրվանից, ավիատոմսի գումարի փոխանցում ուղեւորի անունով, տոմսի գումարի 120%-ի չափով կամ չվերթի ժամկետի փոփոխություն)։
«Չեղարկված չվերթների բոլոր ուղեւորներին էլեկտրոնային փոստով ուղարկվել է նամակ, որտեղ քայլ առ քայլ նկարագրված է ուղեւորների կողմից փոխհատուցում ստանալու գործընթացը։ Խնդրում ենք, եւս մեկ անգամ ստուգել Ձեր էլեկտրոնային փոստը, նաեւ փոստի «spam» բաժինը»,- փոխանցում են ընկերությունից եւ ավելացնում, որ եթե չեն կարողացել կապ հաստատել իրենց հետ, պատճառը զանգերի կենտրոնի գերծանրաբեռնվածությունն է։
Իսկ նրանց հետ կապ հաստատել իսկապես չի հաջողվում, նամակագրության մասին էլ նոր են հայտնում, ու թերեւս դա է պատճառը, որ ուղեւորները չգիտեն՝ ինչ տարբերակով իրենց ձայնը տեղ հասցնեն կամ ինչպես կապ հաստատեն ընկերության հետ, որ փոխհատուցման ժամկետների ու պայմանների մասին տեղեկություն ստանան։ Թերեւս ընկերությունն ինքը պետք է նախաձեռնի՝ իր ուղեւորների հետ հետադարձ կապ ապահովել։
Ի դեպ, տարօրինակ է, որ Flyone Armenia-ն, փաստորեն, համակերպվել է այն մտքի հետ, որ Ռուսաստանն առնվազն մինչեւ հունվարի 31-ն իրեն թռիչքների թույլտվություն չի տրամադրելու։ Այսինքն՝ հույս չունեն, որ Քաղավիացիայի կոմիտեի կամ իրենց կողմից բանակցությունների միջոցով կկարողանան կարգավորել խնդիրն ու ստանալ այդ թույլտվությունը, կամ գուցե ոչ էլ բանակցում են։ Եվ սա այն դեպքում, երբ Flyone Armenia-ն պատկանում է իշխանական պատգամավոր եւ գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, պաշտոնական անձը եղբայրն է` Էդուարդ Սուքիասյանը, այսինքն՝ իրենք ունեն բոլոր կապերն ու հնարավորությունները՝ իշխանական ամենաբարձր մակարդակով լուծելու այս խնդիրը, բայց չեն կարողանում։
Hraparak.am