Ադրբեջանը պարբերաբար պնդում է, որ Արցախի հարցը լուծված է, եւ, չհանդիպելով հայկական կողմի կոշտ արձագանքին, հաջողում է նաեւ այս թեզն ընկալելի դարձնել միջազգային հանրության համար։ Ի դեպ, ես այստեղ հատուկ ուշադրություն կհրավիրեի այն հանգամանքի վրա, որ «հայկական կողմի արձագանք» ասելով չպիտի սահմանափակվենք միայն ԱԳՆ հայտարարություններով կամ դատապարտող տեքստերով։ Մենք արդյունք կունենանք, եթե համապատասխան աշխատանք իրականացվի գործընկերների, միջազգային կազմակերպությունների եւ միջազգային հանրության հետ ընդհանրապես, որը, ցավոք սրտի, չի արվում։

Մյուս կողմից, Հայաստանի իշխանությունները պիտի դադարեցնեն այն գործելաոճը, որն ուղղակիորեն լեգիտիմացնում է Ադրբեջանի մոտեցումները եւ ջախջախում բանակցային գործընթացի ապագան։ Օրինակները բազմաթիվ են, ամենաթարմը՝ վերջին մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հանրաքվեի, հակամարտության կարգավորումը ՄԱԿ ԱԽ տեղափոխելու, Արցախում ադրբեջանցիների ինքնորոշման եւ այլնի մասին։ 

Հայաստանի իշխանությունների կեցվածքն ուղղակի ազդեցություն է թողնում միջազգային հանրության ընկալումների վրա։ Ես այստեղ կմեջբերեի բոլորովին վերջերս Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Եվրոպական խորհրդի նախագահի ելույթից մի դրվագ, երբ եվրոպացի պաշտոնյան, խոսելով կոնֆլիկտի մասին, օգտագործում է «հաղթահարել» եզրույթը, եւ խոսք չկա կարգավիճակի մասին։ Ավելին, նույն Շառլ Միշելի խոսքում, ինչպես նաեւ ԱլԳ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում ընդհանրապես չկար Արցախի անունը, չկար ուղիղ հղում Մինսկի խմբի համանախագահությանն ու ձեւաչափին։ Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչ ռիսկեր է այս ամենը պարունակում։ 

Արթուր Վանեցյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն