Ձեզնից ձեռք չենք քաշելու, դեռ շատ անելիք ունենք․ ՌԴ դեսպանը՝ հայերին
«Մեր երկրների առջև ծառացած մարտահրավերները… ապացուցեցին, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները պարզապես խոսքեր չեն։ Դրանց հետևում կոնկրետ գործեր են: …Մենք միասին անցել ենք մեծ ճանապարհ: Դեռ անելիքներ շատ ունենք: Հավատացած եմ, որ մեր դարավոր բարեկամության պատմությունը հետագայում ևս կհամալրվի համատեղ հաջողությունների ու ձեռքբերումների փառավոր էջերով»: Սա մեջբերում է Հայաստանում ՌԴ դեսպան, իրականում Հայաստանի «երկրորդ քարտուղար» Կոպիրկինի Ամանորի ուղերձից։
Մեկ այլ պարագայում սա կարելի էր կամ դեսպանի չքմեղանք, կամ ծաղր համարել հայ ժողովրդի հասցեին։ Տվյալ պարագայում սակայն դեսպանը «մանրամասնում է» ՌԴ նախագահ Պուտինի՝ ՀՀ նախագահին Ամանորի ուղերձի թեզերը։ Ձեզնից ձեռք չենք քաշելու, դեռ շատ անելիք ունենք՝ ասում է դեսպանը։ Ռուսական պաշտոնական տեքստերում արդեն իսկ «եղբայրական, դարավոր բարեկամություն» եզրերի առկայությունը գուժում է հայերի մարդկային ու տարածքային նոր կորուստները։ ԱՄՆ-ից անվտանգություն մուրող ու թուրքերի առջեւ կռացած Մոսկովիան իր գոյաբանական խնդրի հանգուցալուծումը տեսնում է Հայաստանի ոչնչացման մեջ։
Ռուսներն արդեն հասցրել են խոստովանել գրեթե ամեն ինչ՝ 1915-ի ցեղասպանության կազմակերպումից մինչեւ 2020-ին Հայաստանի դեմ ռազմական ու հիբրիդային արշավի ծրագրում եւ իրագործում՝ հայկական բազմաշերտ ագենտուրայի, խորհրդարանի կատարածու կուսակցությունների, մեդիա-փորձագիտական վարձու շրջանակների ներգրավմամբ։ Անելիքներ դեռ շատ կան, ինչպես նշել է դեսպանը՝ միջանցքներ, հայկական տարածքներից նոր կտորների նվիրաբերում Բաքվին, Հայաստանի տարածքի զգալի մասի վերաբնակեցումը թուրքերով։ Հայերը պետք է շնորհակալ լինեն «համատեղ հաջողությունների ու ձեռքբերումների փառավոր էջերով»։
Lragir.am