Փաշինյանը այն ֆիգուրը չէ, որ կարողանա այս կոնֆիգուրացիան օգտագործել երկրում իշխանապահպանման համար, այսօրվա Հայաստանը և Ղազախստանը տարբեր քաշային և աշխարհաքաղաքական կատեգորիաներ են. Վլ. Մարտիրոսյան
Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Հայաստան- ՀԱՊԿ հարաբերությունների կոնտեքստում պետք է առաջին հերթին դիտարկել ոչ թե ինչպիսին են առանձին լիդերների շահերը, տվյալ դեպքում խոսքը գնում է Փաշինյանի մասին, այլ թե ինչպիսին է ընդհանուր ձևավորված իրավիճակը տարածաշրջանում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱՊԿ-ին ուղղված Ղազախստանի նախագահի դիմումի հիման վրա Նիկոլ Փաշինյանի կողմից որպես ՀԱՊԿ խորհրդի նախագահ անհապաղ խորհրդակցություն սկսելու հայտարարությանը, ասաց քաղաքագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը։
Վերջինս նշեց, որ տեղի ունեցողը որոշակի առումով քննություն է ՀԱՊԿ-ի համար։
«ՀԱՊԿ-ին դիմելը ղազախական իշխանության կողմից որոշակի վահան է` իշխանությունը պահելու համար, որովհետև Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները հուշում են, որ իրավիճակը այն աստիճանի է դուրս եկել վերահսկողությունից, որ արտաքին ուժերի ներգրավմամբ փորձում են ապահովել երկրի քաղաքական կայունությունը։ ՀԱՊԿ-ը այս դեպքում գործող իշխանության պահպանման հնարավորությունն է։ Գործող իշխանությանը այնուամենայնիվ շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի արեալի, պրոռուսական շրջանակներում և որպեսզի իրադարձությունները դուրս չգան վերահսկողությունից, այդ է պատճառը, որ Ղազախստանի իշխանություններ անմիջապես դիմեցին ՀԱՊԿ-ին»,- ասաց քաղաքագետը։
Մարտիրոսյանը նշեց, որ տեղի ունեցող իրադարձությունները ավելի խորքային ուսումնասիրելու համար պետք է նախ հաշվի առնել ղազախական հասարակության բազմաշերտությունը և այդ համատեքստում որոշակի գործընթացների առկայությունը։ «Նազարբաևը, ով փաստացի իրեն համարում է ժամանակակից ղազախական պետության հիմնադիր-հայր, նրա գլխավորությամբ երկարատև քաղաքական ռեժիմը իր հետևից ունենալու էր խնդիրների մի մեծ պաշար, որը ինչ-որ մի օր պայթելու էր։ Այդ պայթյունը մենք այսօր տեսնում ենք, այն այսօր ուղեկցվում է տարածաշրջանային խնդիրներով, և այն ստատուս քվոն, որը կար Ղազախստանում, ըստ էության, պայթեց։ Կպահպանվի՞ իշխանությունը, թե չի պահպանվի, դա այլ հարց է։ Խնդիրը ավտորիտար ռեժիմի փլուզման պահանջի մեջ է»,- նշեց նա։
Հարցին` հնարավո՞ր է արդյոք Հայաստանի ներկայիս իշխանությունները այս նախադեպը կիրառեն Հայաստանում՝ իշխանությունների դեմ ընդդիմության կողմից կազմակերպված հնարավոր իրադարձություններ համատեքստում, Վլադիմիր Մարտիրոսյանը նշեց. «Ես այդ կարծիքը չեմ կիսում և դրա համար ունեմ երկու հիմնական արգումենտ. նախ փաստացի մենք գտնվում ենք մի ժամանակահատվածում, երբ ՀԱՊԿ-ի նախագահությունը, ըստ հերթականության, պատկանում է Հայաստանին, և Հայաստանը, ի դեմս Փաշինյանի, որոշակի գործողությունների ուղղակի քարտուղարությամբ զբաղվող է, այլ ոչ թե որոշում ընդունող։ Փաշինյանի գործողությունները այս պարագայում կրում են ֆորմալ բնույթ և ունեն ոչ թե ազդեցության, այլ ընդամենը ֆորմալ քարտուղարության իրագործման չափանիշ։ ՀԱՊԿ-ում որոշումների ընդունման առյուծի բաժինը քաղաքական առումով փաստացի պատկանում է Ռուսաստանին և այդ համատեքստում պետք է գնահատել, որ Փաշինյանը կատարում և արտահայտում է ընդամենը ՀԱՊԿ-ի խոհանոցում կայացված որոշումները։ Այստեղ ազդեցության, առավել ևս` որոշիչ լինելու գործոն չկա»։
Ըստ քաղաքագետի՝ Նիկոլ Փաշինյանը այն ֆիգուրը չէ, որ կարողանա այդ իրադարձությունները որպես նախադեպ կիրառել`երկրում ինչ-ինչ գործընթացներ իրականացնելու համար։
«Այն հանգամանքը, որ Փաշինյանը կարող է այս կոնֆիգուրացիան օգտագործել հետագայում իր իշխանապահպանման համար, որպես հաշվի ներկայացում ՀԱՊԿ-ին, որ նա էլ նույն դիրքորոշումը ունենա, ինչ դիրքորոշում ունի այսօր` Ղազախստանում իշխանությունների պահպանման առումով, սին են։ Չեմ կարծում, որ նույն մոդուլյացիան կամ նույն գործողությունը առաջիկայում տեղ կարող են գտնել Հայաստանում։ Սրանք շատ տարբեր կատեգորիալ ապարատներ են, Փաշինյանը և այսօրվա Հայաստանը ու Ղազախստանը շատ տարբեր քաշային կատեգորիաներ և աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող գործոններ են, հենց սա է պատճառը, որ չեմ կարծում՝ ապագայում սա կարող է ինչ-որ մի ձև կիրառվել Հայաստանում»,- ասաց Մարտիրոսյանը։
Ինչ վերաբերվում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին և դրանց հնարավոր հանգուցալուծմանը, Մարտիրոսյանը ընդգծեց. «Այդ իրադարձությունները բավականին արագ են զարգանում, 5-6 օրվա ընթացքում, հնարավոր է, իհարկե, որ դրանք մարեն, բայց այդ գործընթացը, որը սկսվել է քաղաքական ռեժիմի տապալման առումով, անկասելի է։ Հնարավոր է, որ Տոկաևը իր իշխանությունը կարողանա պահել, հնարավոր է, որ այս քաղաքական գործընթացների մասին մենք չունենք ամբողջական պատկերացում, թե ովքեր են վերջնական շահառուները, բայց այնուամենայնիվ այս գործընթացը, որ սկսվել է Ղազախստանում, խորքային է և անկասելի»։
Tert.am