Ղրղզստանի իշխանությունները նոտա են հղել Ղազախստանին՝ կապված ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով ղազախստանցի ուժայինների կողմից ղրղըզ քաղաքացու ձերբակալության հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Բիշքեկում լրագրողներին հայտարարել է Ղրղզստանի կառավարության փոխնախագահ, Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Կամչիբեկ Տաշիևը:

«Մենք նոտա ենք ուղարկել [Ղազախստան] և ամբողջ տեղեկատվությունն այդ գործի վերաբերյալ»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ ղրղզական կողմին «վիրավորել» են ղազախստանցի իրավապահների չհիմնավորված մեղադրանքները Ղրղզստանի քաղաքացու, երաժշտի և հասարակական գործչի հասցեին: Տաշիևը վստահություն է հայտնել, որ Ղազախստանում ձերբակալված ղրղըզ երաժիշտ Վիկրամ Ռուզախունովը չի կարող ահաբեկիչ լինել:

Ղազախստանում ձերբակալված Ռուզախունովը Ղրղզստանում բավականին հայտնի ջազ-կատարող է, դաշնակահար և «Բիշքեկ-ջազ-գարուն» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչներից մեկը: Ալմաթիի կոտորածներին մասնակցելու մասին Ռուզախունովի խոստովանության կադրերը կիրակի հրապարակել են ղազախական որոշ ԶԼՄ-ներ: Տեսանյութում երևում են երաժշտի դեմքին ծեծի հետքերը։ Նրա ձերբակալությունը բացասական արձագանք է առաջացրել Ղրղզստանի սոցիալական ցանցերում, օգտատերերը պահանջում են դադարեցնել ղազախստանցիների համար հումանիտար օգնություն հավաքելը և վերադարձնել խաղաղապահներին:

Բիշքեկում Ղազախստանի դեսպանատան մոտ կիրակի օրը հանրահավաք է տեղի ունեցել՝  Ռուզախունովի հետապնդումը դադարեցնելու պահանջով:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն