ԱՄՆ–ն գիշերը նոր հարվածներ է հասցրել Իրանին։ Այս մասին հայտնել է ամերիկյան կենտրոնական հրամանատարությունը:

«Թիրախ են դարձել իրանական ռազմական օպերատիվ կենտրոնները, ռազմածովային ուժերը, ավիացիոն անգարները, անօդաչու թռչող սարքերի պահեստները և ռազմական լոգիստիկայի ենթակառուցվածքները»,– ասվում է հաղորդագրության մեջ:

Իրանական կողմի տեղեկություններով՝ Թեհրանում ամբողջ գիշեր աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը։

Բուշերի նահանգապետը հայտարարել է, որ նահանգի 2 շրջան ենթարկվել է ԱՄՆ-ի հարվածներին: Ըստ նախնական տվյալների՝ զոհեր և տուժածներ չկան:

Հարվածների են ենթարկվել նաև Իրանի հարավում գտնվող Խուզեստան նահանգը, Թավրիզ և Բեհբեհան քաղաքները:

Իրանի ԻՀՊԿ-ն իր հերթին հայտարարել է Քուվեյթում գտնվող ամերիկյան «Ալի աս-Սալեմ» բազայի ռադարներին հարվածելու և դրանք շարքից հանելու, ինչպես նաև քուվեյթյան Բուբիյան կղզում ռադիոլոկացիոն համալիրը շարքից հանելու մասին:

Պայթյուններ են եղել Սաուդյան Արաբիայի, Իրաքյան Քրդստանի բազաներում: Ընդ որում՝ ԻՀՊԿ կենտրոնական շտաբը հանդես է եկել նախազգուշացմամբ՝ Վաշինգտոնից հնչած սպառնալիքներից հետո.

«Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային և այլ զգայուն օբյեկտների վրա հարձակումը Թեհրանը կդիտարկի որպես լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի ուղղակի ընդլայնում, թիրախ կդառնան ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների բոլոր շահերը, օբյեկտները և բազաները»:

Մինչդեռ Վաշինգտոնից շարունակում են մեղադրանքներ հնչել Թեհրանի հասցեին: Մասնավորապես, պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանում «տրամադրված չեն լուրջ վերաբերվել» ԱՄՆ-ի հետ բանակցություններին։ Նա Իրանի Իսլամական Հանրապետությանը մեղադրել է նախկին պայմանավորվածությունները տապալելու մեջ:

Ռուբիոյի խոսքով՝ Հորմուզի նեղուցի շրջափակումը ստեղծել է վտանգավոր նախադեպ, որը կարող է կրկնվել աշխարհի այլ մասերում` ներառյալ Ասիան: Նա հավելել է, որ միջազգային առևտրի կանոնները նույնպես վտանգված են:

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բերնհեմը համաձայնել է ԱՄՆ-ին հնարավորություն տրամադրել օգտագործել բրիտանական տարածքը՝ ռմբակոծիչների կիրառմամբ Իրանին հարվածներ հասցնելու համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ