Ռաֆիկ Անդրեասյանին որդով շանտաժ են անում
Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեսայանի եւ ընտանիքի նկատմամբ ճնշումները վերջին օրերին նոր թափ են հավաքել: Հեղափոխությունից հետո մարզային իշխանությունն ըմբոստ համայնքապետից ազատվելու բազում փորձեր է ձեռնարկել, որոնք, ի վերջո, ավարտվել են Անդրեասյանի հաղթանակով: Հարկադրաբար հրաժարական ներկայացրած Անդրեասյանը 2019-ին վերընտրվեց Ուրցաձորի արտահերթ ընտրություններում՝ համոզիչ հաղթանակ տանելով փաշինյանական իշխանության դրածոյի նկատմամբ: Իշխանությունը ըմբոստ համայնքապետերից ազատվելու նոր սցենար մշակեց՝ համայնքների խոշորացման եւ նոր ընտրությունների տեսքով, սակայն այս անգամ էլ ձախողեցին, մարզում կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի եւ իշխանության նկատմամբ անվստահության արդյունքում իշխանության թեկնածու Գարիկ Սարգսյանը դեկտեմբերի 5-ին խայտառակ պարտություն կրեց Վեդի խոշորացված համայնքի ընտրություններում ընդդիմադիր համայնքապետերի ձեւավորած նոր Հզոր համայնք կուսակցությանը, որի ցուցակում էր նաեւ Ուրցաձորի համայնքապետը:
Իշխանությունը բռնազավթելու բազմակի անհաջող փորձերից հետո Նիկոլ Փաշինյանն այլեւս անցել է բացահայտ տեռորի: Վեդիում մշակված սցենարով նոր ընտրություններ նշանակելուց հետո նա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Գարիկ Սարգսյանին, որպեսզի մինչեւ նոր ընտրությունները՝ մարտի 27-ը կոկորդիլոսագետը կարողանա վարչական լծակները գործադրել իր օգտին եւ վերջապես նվաճել համայնքապետի պաշտոնը: Առաջին ապօրինի քայլն ընդդիմադիր գյուղերում վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումն էր, ասել է թե՝ գործողներին ազատել, նշանակել յուրայիններին, մոտ երկու տասնյակ համայնքների թվում, բնականաբար, Ուրցաձոր համայնքն է, այն դեպքում, երբ համաձայն ՏԻՄ օրենքի, միայն նոր ընտրված ղեկավարն է իրավասու վարչական շրջանների ղեկավարներ նշանակել: Գարիկ Սարգսյանը հերիք չէ, որ չի ընտրվել, սակայն իրեն իրավունք է վերապահել ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել: Հենց այս ապօրինի որոշմանն էլ չի ենթարկվել Ռաֆիկ Անդրեասյանը՝ հերթական անգամ հայտնվելով իշխանությունների թիրախում: Մեր տեղեկություններով՝ նա հրաժարվել է կատարել Գարիկ Սարգսյանի հրահանգը, չի հեռացել իր աշխատավայրից, կնիքը չի փոխանցել իր փոխարինողին: Նրան ծնկի բերելու համար իշխանությունը մարզային իրավապահների օգնությամբ նոր օպերացիա է մշակել, առավոտ կանուխ ներխուժել են համայնքապետի տուն, նրան ձեռնաշղթաներով փորձել բաժին տանել, Անդրեասյանը հասցրել է որդուն տեղյակ պահել անցանկալի հյուրերի մասին, որդին՝ Դավիթ Անդրեասյանը հասել է այն պահին, երբ հորը ձեռնաշղթաներ հագցրած ոստիկանական մեքենայով իրենց տան բակից տանելիս են եղել:
Ականատեսները մեզ պատմեցին, որ Դավիթը անակնկալի եկած փորձել է հասկանալ կատարվածը, սակայն իրավապահները շարունակել են իրենց գործը՝ առանց բացատրելու, թե ինչ է կատարվում, որդին իր վարած մեքենայով քշել է ոստիկանական մեքենայի վրա, որից հետո ծեծկռտուք է սկսվել, ըստ լրատվամիջոցների՝ ոստիկանները ծեծի են ենթարկել Անդրեասյանի որդուն եւ համագյուղացիներից մեկին, ով այդ պահին ուղեկցել է վերջինիս: Երեկ Քննչականը հաղորդեց, որ Դավիթ Անդրեասյանը ձերբակալվել է «Ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու» համար :«Նախնական տվյալներով՝ 2022թ. հունվարի 15-ին, Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարին ինքնիրավչություն կատարելու կասկածանքով բերման ենթարկելու ժամանակ, վերջինիս որդին, իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով, որում գտնվել է նաև նույն գյուղի բնակիչներից մեկը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ավտոմեքենայի առջևի մասով հարվածել Ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասին, ապա, իջնելով ավտոմեքենայից, սկսել է դժգոհել հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, սպառնացել ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Փաստորեն հայրենի իրավապահները «ինքնաիրավչություն» են որակում ոչ թե Գարիկ Սարգսյանի ապօրինի որոշումը, այլ այն, որ Ռաֆիկ Աննդրեասյանը հրաժարվում է այն կատարել:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Ուշագրավ է, որ համայնքապետին, որին ոստիկանները ինչպես հաղորդագրությամբ են տեղեկացնում, փորձել են «ինքնաիրավչության» համար բերման ենթարկել, ազատ են արձակել, մեզ ասացին, որ որդու հետ կատարված միջադեպից հետո ոստիկանները հենց բակում համայնքապետին ազատ են արձակել եւ ասել, որ ինքն այլեւս իրենց պետք չէ: Ավելի ուշ Անդրեասյանին միջնորդավորված շանտաժ են արել՝ կամ նահանջում է ու հանձնում համայնքապետարանի կնիքը, կամ 72 ժամ հետո որդու վերաբերյալ կալանքի որոշում են ընդունում:
Hraparak.am