Հրաչյա Սարգսյանը դեռ ընտելանում է պաշտոնին. ավագանու անդամները հեռանում են
2021-ի վերջին Երեւանի քաղաքապետ նշանակվեց Հայկ Մարությանի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ։ Ըստ «Իմ քայլը» խմբակցության անդամների՝ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետի ամենահարմար թեկնածուն էր եւ կարող է շարունակել քաղաքապետի գործը, մինչեւ որ լրանա Երեւանի ընտրությունների ժամկետը։ Եվ 1 տարի 3 ամիս անց նոր ընտրություններ կկազմակերպվեն:
Ի՞նչ է արել պաշտոնավարման մեկ ամսվա ընթացում նորանշանակ քաղաքապետը, որը ՔՊ անդամ չէ, այլ այլեւս գոյություն չունեցող «Առաքելություն» կուսակցության նախկին անդամ։
«Իմ քայլից» պոկված, ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը, որը, ի դեպ, դեմ էր Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին, մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին մեկ ամսում, ըստ էության, ոչինչ էլ չի փոխվել։ Իսկ ինչ վերաբերում է հաստիքային փոփոխություններին, ապա նշեց․ «Նույն քաղաքապետի տեղակալներն առանց ավագանու չեն կարող նշանակվել, ավագանին պետք է հաստատի, իսկ ավագանու նիստն այս պահի դրությամբ հայտնի է, որ փետրվարի 8-ին է տեղի ունենալու։ Չեմ կարծում, որ առանց տեղակալների կմնային այսքան ժամանակ, գուցե ժամանակին մոտ փոփոխություն լինի։ Վարչության պետերի մասով տեղյակ էի, որ բարեկարգման վարչության պետը միանգամից դիմումը գրել էր քաղաքապետին անվստահություն հայտնելու ժամանակ, կարծեմ՝ նաեւ տրանսպորտային վարչությունում էլ է փոփոխություն լինելու, դրա մասին էր խոսքը գնում»։
- Ովքե՞ր են նշանակվելու քաղաքապետի նոր տեղակալներ։
- Եթե նշանակվեն, ապա փետրվարի 8-ի նիստում։ Թեկնածուների մասին տեղեկություն չունեմ, դրա համար եմ ասում, որ մինչեւ փետրվարի 8-ը դժվար նման բան տեղի ունենա։
- Հրաչյա Սարգսյանի հետ ավագանու համագործակցություն կա՞, «Իմ քայլը» դժգոհում էր, որ Մարությանն իրենց հետ չի աշխատում։
- Անձամբ ես որեւէ քննարկման որեւէ հրավեր չեմ ստացել, թեպետ տեսել եմ, որ ավագանու «Իմ քայլի» անդամների հետ ունեցել է քննարկում։ Քաղաքապետի աշխատանքն ավագանու հետ, դա մի քիչ հարաբերական է, որովհետեւ քաղաքապետը հենց իր խմբակցության հետ է աշխատում, որովհետեւ հենց ինքն էլ ավագանու անդամ է եւ գլխավորում է խմբակցությունը։ Նույն Հայկ Մարությանի դեպքում, գոնե սկզբնական ժամանակահատվածում, գրեթե ամեն շաբաթ քաղաքապետի հետ քննարկումներ էինք ունենում, մինչեւ սկսվեցին կոնֆլիկտային պահերը։
- Դուք պատկերացնո՞ւմ եք քաղաքապետի եւ Ձեր համատեղ աշխատանքը՝ հաշվի առնելով, որ դեմ էիք Մարությանին պաշտոնանկ անելուն։
- Ես երբեք իմ անձնական հարցերը չեմ ներկայացրել Երեւանի ավագանիում, կոնկրետ միշտ ներկայացրել եմ առանձին քաղաքացիների եւ խմբերի հուզող հարցերը։ Բնականաբար, շարունակելու եմ նույնձեւ բերել այդ հարցերը, եթե քաղաքապետը կամ թաղապետերը գտնեն, որ ինձ հետ պետք չէ աշխատել, նրանք խնդիր կունենան բացատրելու հենց այդ քաղաքացիներին։ Ես օրենքով ինձ տրված լծակներն օգտագործելու եմ, բնականաբար, եթե կլինի վատ վերաբերմունք, մեկուսացման փորձ, բնականաբար, թե՛ լրատվամիջոցներին դա հայտնի կդառնա, թե՛ որպես բլոգեր՝ ես այդ ամենը լուսաբանելու եմ։
- Այսինքն՝ Հրաչյա Սարգսյանի նշանակվելուց հետո որեւէ փոփոխություն չկա։
- Ոչ, մեյլով էլ որեւէ բան չենք ստացել։ Տպավորություն է, որ դեռ ընտելանում է իր նոր պաշտոնին։
Նշենք, որ Հայկ Մարությանի գնալուց հետո ավագանու մի քանի անդամներ իրենց մանդատները վայր դրեցին։ Yerevan.am կայքից տեղեկանում ենք, որ 2022-ին եւս կան հրաժարականներ․ նոր տարում «Իմ քայլից» եւս 5 անդամ իրենց մանդատները վայր են դրել՝ Օվսաննա Հովսեփյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Սերգեյ Սարգսյանը, Միսակ Սարգսյանը, Արտաշես Մակարյանը։
Hraparak.am