Խոսել եւ գործել պետության փոխարեն ու նրա անունից
Բանակի երեսնամյակի օրը «նշանավորվեց» ՔՊ-ականների ամոթալի հրճվանքով Եռաբլրի բարձունքում եւ ոչ թե, օրինակ, փոքրածավալ զորահանդեսով կամ գոնե հիշատակման արարողությամբ։ Մեզնից անվերադարձ եւ երկարաժամկետ խլված են տոնացույցի բոլոր նվիրական օրերը՝ Հունվարի 28-ը, Մայիսի 9-ը, Սեպտեմբերի 21-ը։ Պետական ինստիտուտների եւ դեմքերի փաստացի անհաղորդության եւ անգամ բացակայության ֆոնին հանրային մյուս ինստիտուտները, նախեւառաջ՝ եկեղեցին, իրենց գոյությամբ եւ ակտիվությամբ պետք է լցնեն բացը եւ կողմնորոշող դերակատարում ստանձնեն։
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին վերջին մեկուկես տարում պատշաճ արձագանքել է ճգնաժամային իրավիճակներին, ինչպես մեր պատմության մի շարք այլ ցավալի հանգրվաններում՝ երբեմն անգամ չեղած պետականության բեռն իր ուսերին վերցնելով։ Կաթողիկոսի եւ Գերագույն հոգեւոր խորհրդի սուր եւ սթափեցնող հայտարարությունները բավական էին, որ իշխանությունը եկեղեցու եւ հոգեւորականության նկատմամբ տոտալ բոյկոտ սկսեր, Տաղավար տոների Սուրբ Պատարագներին էլ անկախության պատմության ընթացքում առաջին անգամ չմասնակցեր։ Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներից ավելի ամենատես հոգեւոր աչքեր կա՞ն հայ իրականության մեջ։ Իսկ նրանք երկուսն էլ իրենց բացահայտ դիրքորոշումն են հայտնել փաշինյանական իշխանության բերած աղետների թեմայով։
Ճնշման կարեւոր խումբ են նաեւ գերիների եւ անհետ կորածների հարազատները, որոնք, ցավոք, տեւական ժամանակ խոր մոլորության մեջ էին եւ իշխանության ուղղորդմամբ ընդդիմությանն ասում էին՝ «Հանրահավաքներ մի՛ արեք, որ կարողանանք մեր տղաներին վերադարձնել»։ Ժամանակը ցույց տվեց, որ հետպատերազմյան, ապա նախընտրական թոհուբոհում գերիների եւ անհետ կորածների թեման իշխանության համար ընդամենը էժան միջոց էր՝ խաղալու հանրության բաց նյարդի վրա, լռեցնելու ցասման ալիքը, հընթացս՝ դժոխային չարչարանքների դատապարտված մեր տղաների փրկության համար գեթ մեկ քայլ էլ չանելով, ավելին՝ գերեվարումների նոր դեպքեր, ապա նրանց հայրենադարձում ու կալանավորում բեմադրելով, հայրենիքի նորանոր ծվեններ շարունակաբար կորցնելով։
Որեւէ մեկը դեռեւս պատրանք ունի՞, որ այս իշխանությունը կարող է սեփական ուժերով հետ բերել Բաքվի բանտերում խոշտանգվող հարյուրավոր հայ ռազմագերիներին, եւ կամ՝ պարզել մինչեւ վերջին անհետ կորածի ինքնությունը։ Հետպատերազմյան երկու-երեք ամսում այդ գծով պատասխանատու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պետք է օրուգիշեր Ստեփանակերտում լիներ, անքուն գիշերների արդյունքում հասներ ցուցակների վերջնական ճշգրտման։ Իսկ ինչո՞վ էր զբաղված նա՝ հետագա կարիերայի եւ իշխանության թիմում իր դերակատարման ճշգրտմա՞մբ։
Հայրենիքի մեր երբեմնի, սերնդեսերունդ փոխանցված ընկալումը, «հոգու սահմանն» արհեստականորեն ջնջվում է, փոխարենն առաջարկվում է GPS-ի, խորհրդային քարտեզների եւ թշնամու շարունակական եւ անարգել առաջխաղացման համակցումը։ Մինչեւ ո՞ւր, մինչեւ Երեւա՞ն։ Ադրբեջանի հետ փաստացի իրականացվող սահմանազատումն այսօր որեւէ միջպետական պայմանագրից չի բխում, այն հենվում է բացառապես թշնամու ուժի միակողմանի իրավունքի վրա։ Արցախում երբեմնի անվտանգության գոտու փոխարեն այսօր ճանապարհի մի կողմում մենք ենք, մյուսում՝ զինված թշնամին։
Որքան էլ Փաշինյանն ու յուր վարչախումբը զարգացնեն «նախկինների» մեղավորության կանխավարկածը, փաստն այն է, որ 2018-ին իրենք ժառանգեցին երկու հայկական պետություն՝ անվտանգության կայուն երաշխիքներով, մարտունակ եւ սպառազինված բանակ, արժանավայել կեցվածքով Սփյուռք։ Փաստն այն է, որ, ի տարբերություն նրանց, Հայաստանի բոլոր նախկին իշխանությունները, իրենց բազմաթիվ թերություններով հանդերձ, պատերազմում հաղթած, Արցախը հայկական պահած, Հայաստանը շենացրած, պետականության հիմքերը գնահատող անձինք էին։ Փաստը նաեւ այն է, որ հենց Փաշինյանն ու իր վարչախումբն էին, որ նախ պատերազմով, ապա ստորագրությամբ Արցախի նման հրաշալիքը սկուտեղի վրա նվիրեցին թշնամուն։
Դավիթ Սարգսյան
Hraparak.am



















