Փոխատեղման ավարտը
«Խաղաղ, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն» կոչված իշխանափոխությունից շուրջ չորս տարի անց մերօրյա «փրկչի» հեղինակությունը, իմ կարծիքով, այնքան է գահավիժել, որ ավելի ցածր է, քան նախկիններինը: Եվ հատկապես ՀՀ երկրորդ նախագահինը: Իհարկե, սոցհարցումներն այդ պատկերը չեն ներկայացնում, քանի որ միջին վիճակագրական հայաստանցին այսօր արդեն մերժում է Նիկոլին, բայց դեռեւս չի ընդունում Քոչարյանին: Կամ էլ չի խոստովանում ինքն իրեն, որ Քոչարյանին գերադասում է Նիկոլից: Ասեմ, որ այդ երեւույթին ծանոթ եմ որպես 6-7 տարվա սոցիոլոգիական հարցումների հարցազրուցավար եւ խմբի համակարգող: Բայց այդ երեւույթը զուտ հոգեբանական բարդույթի դրսեւորում է: Որովհետեւ այսօր Նիկոլին մերժելը հեշտ է, սակայն Քոչարյանին ընդունելը դեռեւս դժվար է:
Դժվար է ընդունելն այն մարդուն (հենց մարդուն եւ ոչ թե զուտ ղեկավարին), ում մերժել են տարիներ շարունակ: Ով իր ժամանակ, ինչը պետք է ասվի հանուն արդարության, դրա համար բավական հիմքեր է տվել: Բայց ողջ խնդիրն այն է, որ այսօր յուրաքանչյուր անձի գրագիտությունն ու հայրենասիրությունը չափվում են նաեւ այն հանգամանքով, թե որն է նրա դիրքորոշման հիմքը՝ անցյա՞լը, թե՞ ներկան: Ինչպես նաեւ ապագայի տեսլականը կամ, ավելի ճիշտ, տեսլականի բնույթը՝ արժանապատի՞վ, թե՞ ծնկաչոք:
Այդպիսի մտորումներով էի ունկնդրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երեք ժամ տեւած մամուլի ասուլիսը: Ու ինձ բռնացրի այն մտքի վրա, որ ես ընդունում եմ համարյա թե այն ամենը, ինչ ասվում էր նրա կողմից: Բացառությամբ 44-օրյա պատերազմի պատճառները հետաքննելու՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու խնդրի, մի երկու մանր-մունր բան կար, որ հոդված գրելու պահին արդեն մոռացել էի: Մոռացել էի, քանի որ, ի տարբերություն նիկոլասեր մեկ-երկու լրատվամիջոցի ներկայացուցիչների, չէի կենտրոնացել բացասականի վրա: Դրա հետ մեկտեղ, զարմանալի երեւույթ նկատեցի՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի դիրքորոշման փոփոխությունը:
Ի տարբերություն հանրային հեռուստաընկերության եւ factor.am-ի լրագրողների, նրա ե՛ւ հարցն էր նորմալ, ե՛ւ պատասխան լսելու պահի վարքագիծը: Չգիտեմ՝ դա լրագրողի ինքնուրույն պահվածքի դրսեւորո՞ւմ էր, թե՞ լրատվականի խմբագրության քաղաքականության փոփոխությունն ավետող առաջին ծիծեռնակը: Եվ եթե նույնիսկ առաջինն է, այն ինքնին բավական հետաքրքիր երեւույթ է:
Հիշենք, որ երեքուկես տարի առաջ՝ 2018-ի օգոստոսի 14-ին, հեղափոխական էյֆորիայով տարված երիտասարդները տապալեցին Քոչարյանի ասուլիսը: Իսկ «Ազատությունն» ու մնացած բազմաթիվ լրատվականներ նրա խոսափողն էին: Հետաքրքիր է՝ իսկ որտե՞ղ են այսօր այդ երիտասարդները կամ լրատվականները: Նրանք չկան: Կարծում եմ, որ եթե հաջորդ անգամ տապալվի որեւէ ասուլիս, ապա այն լինելու է Նիկոլինը: Եվ տապալելու պատճառը լինելու է նրանից 100 տոկոսանոց հիասթափվելը:
Ինչ մնում է ինձ ու ինձ նման մտածող անձանց, ապա մենք վաղուց ենք մեր մեջ «տապալել» Նիկոլի ասուլիսները: Որովհետեւ էն գլխից չենք սպասում հետաքրքիր մտքերի ու վերլուծությունների եւ կամ էլ ազգանպաստ որոշումների: Այլ ակնկալում ենք լսել հերթական սուտն ու կեղծիքը, մանիպուլյացիոն հնարքներն ու, ինչն ավելի վատ է, հակահայաստանյան որոշումներ ու նախաձեռնություններ: Ահա, այդպես, երեքուկես տարվա ընթացքում մերօրյա «փրկիչը» վերածվեց չարիքի: Իսկ այն անձը, ում մենք չէինք ընդունում ու պայքարում էինք նրա դեմ, վերածվեց սպասված գործչի:
Hraparak.am