ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Նրանց հետ շփումներում Ռուսաստանի ղեկավարը հայտնել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագիրը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի արդյունքների մասին, որտեղ քննարկվել Է Դոնբասի շուրջ տիրող իրավիճակը՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու հարցով Պետական Դումայի որոշման համատեքստում: Իսկ այսօր ստացվել են ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարության դիմումները՝ ուկրաինական իշխանության ռազմական ագրեսիայի կապակցությամբ իրենց ինքնիշխանությունը ճանաչելու մասին, Դոնբասի տարածքի գնդակոծությունների հետ կապված, ինչի հետևանքով տուժում է քաղաքացիական բնակչությունը։

Այս ամենը հաշվի առնելով՝ Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ մոտ ժամանակներս մտադիր է ստորագրել համապատասխան հրամանագիրը։

Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի Դաշնային կանցլերը հիասթափություն են հայտնել նման զարգացումից։ Դրա հետ մեկտեղ նրանք պատրաստակամություն են հայտնել շարունակել շփումները։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն