Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հինգշաբթի՝ մարտի 3-ի առավոտյան, օպերատիվ տեղեկատվություն է հրապարակել Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մասին։

Ամփոփագրում նշվում է, որ Վոլինի ուղղությամբ հակառակորդը պետական սահմանի ողջ երկայնքով շարունակում է ցուցադրական գործողություններ իրականացնել։ Սեվերսկի ուղղությամբ ռուսական բանակը, ձախողվելով Չեռնիգովում, Նիժինում, Սումիում, Լեբեդինում և Ախտիրկայում, խուսափելով Ուկրաինայի զինված ուժերի հետ ռազմական բախումներից, փորձում է հասնել Կիևի հյուսիսային ծայրամասեր։

Նշվում է, որ Բարիշևկա, Նովայա Բասան, Լյուբեչ բնակավայրերի տարածքներում կենտրոնացած են հակառակորդի ստորաբաժանումներ։ Ռուս զինվորականների մի մասը վերախմբավորվում է և փորձում առաջխաղացում կատարել Բրովարիի և Կիևի ուղղությամբ։

Դոնեցկի ուղղությամբ ռուսական զորքերը հրետանու աջակցությամբ շարունակում են հարձակողական գործողությունները Նովի Այդարի, Վոլնովախայի և Մարիուպոլի շրջաններում։

«Մարիուպոլը գրավելու և Դոնեցկի և Լուգանսկի շրջանների վարչական սահմաններին հասնելու հիմնական նպատակին թշնամին  չի հաջողվել հասնել», - ընդգծել է Գլխավոր շտաբը։

Նշվում է, որ Սև ծովում Օդեսայի ուղղությամբ նկատվում է Ռուսաստանի Դաշնության դեսանտային ջոկատի տեղաշարժը՝ բաղկացած չորս խոշոր դեսանտային նավերից՝ երեք հրթիռային նավակների ուղեկցությամբ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն