ԱԱԾ-ն Գյումրիում ադրբեջանական ռադիոալիքի հետքերն է փնտրում
Երեկ գյումրեցի իրավապաշտպան, քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել էր, որ Գյումրիում ադրբեջանական ռադիոալիք է հեռարձակվում։ «Մեզ դիմել էին ռադիոլսողներ եւ տարակուսած ահազանգել, որ Գյումրիում արդեն որոշ ժամանակ է՝ FM 103.300 հաճախականությամբ հեռարձակվում է թուրքական ռադիոալիք։ Որոշակի հետազոտություններ կատարեցինք եւ հասկացանք, որ սա ադրբեջանական ռադիոալիք է, կոչվում է «Արազ», գտնվում է Բաքվում, բայց հեռարձակվում է միայն Գյումրիում։ Կապ հաստատեցինք Ստեփանակերտի մեր ընկերների հետ, պարզվեց՝ այնտեղ նման հաճախականություն չկա, Երեւանում էլ չկա, եւ սա բազմաթիվ կասկածներ է հարուցել մեզ մոտ»,-ասաց նա: Երեկոյան արդեն Կարապետ Պողոսյանը ԱԱԾ էր հրավիրվել: Մի քանի ժամ այնտեղ մնալուց հետո դուրս էր եկել:
Hraparak.am-ի հետ զրույցում իրավապաշտպանն ասաց, որ հրավիրվել էր ԱԱԾ՝ փոխանցելու այն փաստերը, որոնք իրեն հաջողվել էր ձեռք բերել: «Ես իմ տեսանյութում ասել էի, որ խնդիրը անվտանգային է, և պատրաստ եմ իմ ունեցած տեղեկատվությունը տրամադրել, բայց ասեմ՝ առավոտյան այդ հաճախականությամբ դեռևս հեռարձակվում էր ադրբեջանական ռադիոալիքը»,- ասաց նա:
Պողոսյանը վստահեցնում է, որ ռադիոալիքը ոչ թե թուրքական է, այլ՝ ադրբեջանական, որը հեռարձակվում է այս տարվա հունվարից: Նշենք, որ գյումրեցիների համար թուրքական հեռուստաալիքները նորություն չեն: Անալոգայինի հեռարձակման դադարեցումից ու թվայինի մեկնարկից հետո Գյումրու մի շարք թաղամասերում հնարավոր էր որսալ միայն երկու հայկական` ԳԱԼԱ, «Շիրակ» հանրային հեռուստաընկերությունները եւ մի քանի թուրքական ալիք:
Ռադիոյի հաճախականություններում նույնպես հայտնվում են թուրքական ալիքներ, ինչը մասնագետները բացատրում են ռադիոալիքների տարածման առանձնահատկությամբ, որը ո՛չ սահման է ճանաչում, ո՛չ էլ պետություն:
Hraparak.am