Ինչքան է ծախսում Արցախը ռուս խաղաղապահների վրա
Ռուս խաղաղապահներն արդեն լավ հիմնավորվել են Արցախում՝ նրանք մեծ արագությամբ բավականին ամուր, առանց հատուկ շքեղությունների տներ ու զորամասեր են կառուցել, անցակետերն են կահավորել։ Ճիշտ է՝ դեռեւս իրենց կանանց ու ընտանիքները չեն բերել Արցախ, բայց արդեն մտածում են այդ մասին։ Եւ Արցախի իշխանությունն էլ ուզում է նպաստել, որ դա արագ լինի։ Ասում են՝ <թիկունքում կին, երեխա ունեցող զինվորն ավելի լավ կծառայի եւ ավելի պատասխանատու կլինի, որ կրակոցներ ու սադրանքներ այստեղ չլինեն>։ Մենք հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են լուրերը, որ արցախցի աղջիկների եւ ռուս զինվորականների միջեւ արդեն կան ամուսնության դեպքեր, մեզ ասացին, որ չկա նման բան, այդ լուրերն ադրբեջանցիներն են տարածում։ Ավելին՝ ռուս զինվորականները սկսել են հայերի հետ ընկերություն անել, բայց դեռ զգուշորեն եւ դիստանցիա պահելով։
Մենք կառավարական շրջանակներից հետաքրքրվեցինք նաեւ, թե՝ Արցախի բյուջեի վրա ռուս խաղաղապահներն ինչ բեռ են ավելացնում։ Ասացին, որ անցած տարի դա կազմել է մի քանի հարյուր միլիոն դրամ, այս տարի տասնապատիկ պակաս կլինի՝ մի քանի տասնյակ միլիոն դրամի կարգի։ Բայց ռուս զինծառայողները, ինչպես բոլոր արցախցիները, Արցախում անվճար բժշկական ծառայություններից են օգտվում։ Մյուս կողմից՝ նրանք երբեմն կատարում են աշխատանքներ, որոնք իրենց մանդատի մեջ չեն մտնում։ Օրինակ՝ սահմանն անցած անասուններին բերել, օգնել սահմանի մերձակայքում կատարվող շինաշխատանքներին եւ այլն։ Ամեն դեպքում, Արցախում խիստ բարեկամաբար են տրամադրված ռուս զինծառայողների նկատմամբ եւ կարծում են, որ նրանք իրենց անվտանգության երաշխավորն են եւ հայ-ռուսական համակեցությունը Արցախի հողի վրա ստացվում է։
Hraparak.am