Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Սահմանված միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված է անհուսալի դասով, և, միևնույն ժամանակ, մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում 1 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։ Միջոցառման շրջանակում շահառուին տրվում է ֆինանսական աջակցություն՝ շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը:

Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը, աջակցության՝ որոշմամբ սահմանված հիմքով դադարեցվելը կամ պարտավորության օրենքով սահմանված հիմքով դադարելը։ Որոշմամբ առաջարկվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունը 2025 թ.ի հունիս և հուլիս ամիսների համար ապահովելու նպատակով ՀՀ 2025 թ. պետբյուջեով նախատեսված միջոցառումներից հատկացնել 205 մլն դրամ: Հիմնավորման համաձայն՝ գնահատականներում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 2025 թ. փետրվար ամսում ներկայացրած դիմումներով շահառու է ճանաչվել 1896 անձ, որոնց վարկային պարտավորությունները 2025 թ. մարտ ամսում մարելու նպատակով հատկացվել է շուրջ 70,625.0 հազար դրամ (աջակցությունը տրամադրվում է շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից): 2025 թ. մարտ ամսում ներկայացրած դիմումներով շահառու է ճանաչվել 2295 անձ, որոնց վարկային պարտավորությունները 2025 թ. ապրիլ ամսում մարելու նպատակով հատկացվել է շուրջ 86,420.0 հազար դրամ: 2025 թ. ապրիլ ամսում ներկայացրած դիմումներով շահառու է ճանաչվել 2866 անձ, որոնց վարկային պարտավորությունները 2025 թ. մայիս ամսում մարելու նպատակով հատկացվել է շուրջ 103,207.0 հազար դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ ակնկալվում է անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների 350 աշխատունակ անձանց եկամտով ապահովում, աշխատանքի շուկա մուտքի և զբաղվածության հասանելիության հնարավորությունների մեծացում, զբաղվածություն ունենալու նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, համայնքային ենթակառուցվածքների զարգացում, սոցիալական լարվածության նվազեցում։ Ըստ այդմ՝ իրականացվում է «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման» ծրագիրը: Գործատուն ծրագրում ընդգրկված անձանց հետ կնքում է աշխատանքային պայմանագիր և մեկ մարդ/օր աշխատանքի համար գործատուին տրամադրվում է 3500 դրամի չափով գումար՝ ներառյալ եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը։ Որոշմամբ ծրագրի իրականացման համար կպահանջվի շուրջ 128,625,000 դրամի չափով ֆինանսական միջոց։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն