Պետական ռեգիստրի գործակալությանն ուղղված դիմումների աննախադեպ քանակ է գրանցվել։ Այնքան շատ, որ արդարադատության նախարարության պետռեգիստրի ծառայությունն անգամ հաղորդագրություն է տարածել՝ խնդրելով քաղաքացիներին օգտվել e-register.am կայքի առցանց ծառայություններից։

Գործակալության ղեկավար Տաթեւ Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված դիմումների աննախադեպ քանակը։ «Իրականում այցելուների եւ կենդանի հերթի աննախադեպ քանակ էր։ Կան քաղաքացիներ, որոնք նույն օրը դիմումը չեն ներկայացրել, սակայն նույն օրը ստանում են խորհրդատվություն, եւ արդյունքում էլի հերթի մեծ ծավալ ենք ունենում»։

- Ինչքա՞ն ժամանակ է՝ նման վիճակ է։

- Այս աննախադեպ քանակը եղել է վերջին մեկ շաբաթ-տասը օրում։

- Այսինքն՝ այցելություններն են շատացել։

- Այո, այցելություններն են շատացել, այդ հերթի մեջ նաեւ շատ օտարերկրյա քաղաքացիներ կան։

- Խոսքը ռուսների՞ մասին է։

- Այո։

- Իրենք ի՞նչ հարցերով են դիմում։

- Այս պահին իրենց կողմից մեզ ներկայացվող դիմումները կա՛մ անհատ ձեռներեցների հաշվառման, կա՛մ ՍՊԸ-ների գրանցման դիմումներ են։

- Ինչպես հասկանում եմ՝ բիզնես գործունեությամբ են ցանկանում Հայաստանում զբաղվել։

- Այո։

- Ռուսները երբ դիմում են, միանգամից գրանցո՞ւմ եք, խնդիրներ ծագո՞ւմ են այդ դեպքերում։ 

- Գիտեք, մեզ մոտ գրանցման գործընթացը բավականին պարզեցված է, ԱՁ-ների դեպքում անգամ անձնագրի  նոտարական կարգով վավերացված թարգմանություն չենք ուզում, իսկ ԱՁ-ների հաշվառումը մեզ մոտ միշտ առաջին տեղում է լինում, կարելի է ասել՝ ամենաշատ օգտագործվող ծառայությունն է։ ՍՊԸ-ների պարագայում ունենք տիպային փաստաթղթերով գրանցման հնարավորություն, որի պարագայում դիմումատուն գալիս է նոտարական կարգով վավերացված անձնագրերի թարգմանությամբ, եւ տեղում գրանցումը կատարվում է։ Մեծամասնությունը հենց տիպային փաստաթղթերից է օգտվում։

- Ռուսներն ինչպիսի՞ գործունեությամբ են ցանկանում զբաղվել Հայաստանում։

- Ըստ տնտեսական գործունեության դասակարգման, մեզ մոտ այս պահին ամենաշատ ընտրվածը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, հետաքրքրություն կա նաեւ լոգիստիկա ոլորտի նկատմամբ։ Բայց առաջին տեղում ՏՏ-ն է։

- Գրանցման վայրը որտե՞ղ են նշում՝ Երեւանո՞ւմ, թե՞ մարզերում։

- Կարող են, իհարկե, մարզերում նշել, բայց այդ մասով վիճակագրություն չունենք այս պահին։

- Իսկ թիվ կա՞, թե քանի օտարերկրացի է դիմել։

- Փետրվարի 24-ից սկսած մինչեւ մարտի 10-ը ունեցել ենք 258 ՌԴ քաղաքացի՝ ԱՁ գրանցված, եւ 96 ՍՊԸ, որոնց մասնակիցների ցանկում կա ՌԴ քաղաքացի։

- Բոլորը գրանցված եւ հաշվառվա՞ծ են։

- Այո։

- Այսինքն՝ վերջին օրերին դիմողների քանակը գնալով աճել է։

- Միանշանակ։ Նայեք, Ռուսաստանի քաղաքացիների դեպքում՝ այո, աճել է։ Մարտի 7-ին մենք հաշվառել ենք 81 ՌԴ քաղաքացի՝ ԱՁ, իսկ հունվար ամսվա ընթացքում ՌԴ քաղաքացիների ԱՁ-ների քանակը 21-ն է եղել։ 

- ՀՀ քաղաքացիներն ի՞նչ են գրանցում։

- ԱՁ-ներ, ՍՊԸ-ներ, հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ։

- Արդյոք Ձեր հաղորդագրությունը նպատակին ծառայե՞ց՝ հիմա կուտակումներ էլ չկա՞ն։

- Իրականում, այդ հաղորդագրությունը նախօրեի երեկոյան է տեղադրվել, չէինք ակնկալում, որ մի օրվա մեջ նկատելի արդյունք է լինելու, դեռ չենք տեսել այդ արդյունքը։ Մեր ուժերն ենք կրկնապատկել Երեւան քաղաքում, որի արդյունքում նկատելի արդյունք կա։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն