Սյունիքի այլընտրանքային ճանապարհը չի փլուզվել
Սյունիքի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի ճանապարհի որևէ հատվածում փլուզում տեղի չի ունեցել` հայտնում են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանից:
Այսօր «Հրապարակ» կայքը նյութ էր հրապարակել, ըստ որի «Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլուզվել է»։
«Տեսանյութում պատկերված քարաթափումը տեղի է ունեցել Խոտ-Որոտան նոր կառուցվող ճանապարհին, որտեղ ներկայում ճանապարհի ծրագծի կառուցման հողային աշխատանքներ են կատարվում, և նման դեպքերը բնական են», — ֆեյսբուքում գրել է ՏԿԵ նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանը։
Ըստ նրա` Խոտ-Որոտան ճանապարհահատվածի ամբողջական կառուցումն ու ասֆալտապատումը նախատեսված է աշնանը։
«Այս պահին աշխատանքներ են տարվում փլուզված զանգվածը հեռացնելու ուղղությամբ։ Քիչ անց ճանապարհահատվածն անցանելի կլինի»,-նշել է մամուլի խոսնակը։
hy.armradio.am