Սիներջի տեխնոմիտքը հասել է Լոռի. Վանաձորում բացվել է Սիներջի Արմենիայի գրասենյակը
Սիներջի Արմենիա ընկերությունը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մասնաճյուղ է բացել։ Լինելով Սիներջի Ինթերնեյշնլ Սիստեմս ընտանիքի անդամ՝ հայաստանյան գրասենյակը շարունակում է ռազմավարական ծրագրերը՝ աշխատատեղեր ստեղծելով մարզերում` զարգացնել դրանք։ Սիներջի Արմենիայի առաջնահերթությունն է:
Սիներջի տեխնոմիտքը հանրապետության 3-րդ քաղաք բերելու գաղափարը հենց սկզբից է գրավել Սիներջի Արմենիայի թիմին: Այսօր արդեն հումորով ու ժպիտով են հիշում՝ ինչ առանցքային էին ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի զարմանքախառն բացականչությունները Վանաձորի հետ կապված բոլոր ձեռնարկումներում: Ինքը՝ Հովհաննիսյանը, հպարտությամբ է արձանագրում՝ Սիներջի Արմենիան տարբերվող ձեռագիր ունի կադրերի պատրաստման ու երկրի համաչափ զարգացման հարցում. մրցակիցներից մասնագետների որս կազմակերպելու փոխարեն, զրոյից կրթում, պատրաստում են սեփական կադրերին:
Աշոտ Հովհաննիսյան՝ Սիներջի Արմենիա ընկերության հիմնադիր տնօրեն.
«Ես ասել էի, որ հանկարծ չփորձեք ուրիշ պատրաստի մասնագետների վերցնել, ամբողջ իմ արածի իմաստը 0 է դառնում: Մեր իմաստը այն է, որ տեղում աճեցնենք հնարավոր կադրերին, որ հետո նրանք զարգացնեն այս երկիրը և հնարավորություն տանք երիտասարդներին, նոր աշխատատեղ ստեղծենք»:
2013-ին Ստեփանակերտում 5 աշխատակցից թիմի կազմը հասցնելով 50-ի, 2015-ին Գյումրիում՝ 7-ից 21-ի, Վանաձորում ևս աշխատատեղերի ընդլայնում են ծրագրում: Ներկայում թիմում 6-ն են: «Մեկը մյուսին փոխանցելով տեխնոլոգիական մտքի թռիչքը` մերոնք յուրօրինակ սիներգիա են ձևավորում՝ զարգացնելով կորպորատիվ մշակույթը մարզերում»` նկատում է ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննա Ստեփանյանը:
Սիներջիի առանձնահատկությունն այն է, որ փորձում են բարձր տեխնոլոգիական միտքը թողնել իր կենսամիջավայրում՝ մայրաքաղաքից դուրս, որովհետև կարծում են, որ մարդն իր բնակավայրը լքելու փոխարեն պետք է մնա ու նպաստի մարզերի զարգացման՝ պետության տեսլականին: Հենց դրա համար եկան նաև Վանաձոր:
Աշոտ Հովհաննիսյան՝ Սիներջի Արմենիա ընկերության հիմնադիր տնօրեն. «Ինչքան շատ քաղաքները զարգանան, էնքան մեր երկիրն ավելի ուժեղ կլնի, որովհետև համաչափության մեջ է ուժը»:
Ընկերության «Ինդիկատա» և «Աուքսիլիում» նախագծերի տեխնիկական տնօրեն Անանիա Միքայելյանի խոսքով՝ ներկայում տեխնոլոգիական լուծումներ են մշակում 4 հիմնական ուղղություններով:
Անանիա Միքայելյան. «Դատական համակարգի դոմեյնն է, սոցիալական աջակցության ծրագրերի, մոնիթորինգի և գնահատման, ֆինանսական գործարքների թափանցիկության և հաշվետվողականության: Վանաձորում այս պահին փոքր թիմ է, բայց գնալով մեծանալու է, ու դրան զուգահեռ՝ պրոյեկտներն էլ: Մենք մտածում ենք, որ Վանաձորում կիրականացնենք հենց սոցիալական արդարության ծրագիրը Զիմբաբվեի համար»:
Վանաձորի թիմը ղեկավարելու է արմատներով գյումրեցի Սրապիոն Հունանյանը: Հատկապես դատական համակարգի թվայնացման աշխատանքներն է կարևորում: «Արդար ու թափանցիկ դատական նիստերի անցկացման մեխանիզմներ էլ ունենք մշակած»,- ասում է:
«Դատական համակարգերի թվայնացում՝ այսինքն ամեն ինչը` թղթաբանությունը և այլն, թվային է դառնում: Մենք ունենք նաև օն—լայն դատավարություններ անցկացնելու մեխանիզմներ, դատավորների գնահատման: Իմաստն այն է, որ այն նաև թափանցիկություն է մտնում այդ ամենի մեջ, ավելի արդար լինելուն է նպաստում»:
Նոր կադրերի հարցում Սիներջի Արմենիան համագործակցում է ճարտարագիտականի մասնաճյուղերի հետ, ընտրում լավագույններին, պատրաստում կադրեր և աշխատանք առաջարկում: 1997-ին հիմնադրված Սիներջի ընկերությունը ողջ աշխարհում 300-ից ավելի բարձր որակավորում ունեցող մասնագետ ունի, որոնց գերակշիռ մասը` կանայք են։ 500-ից ավելի ուսանող էլ սովորել է 2004-ից գործող Սիներջի ակադեմիայում՝ բարձր վարձատրվող աշխատանք գտնելով թե՛ Սիներջիում, ոլորտի լավագույն ընկերություններում:
hy.armradio.am