«Մեսիջներ» Ադրբեջանին․ միջազգային հանրությունը խոսել է, Արցախը՝ ծանոթացել, Հայաստանը՝ եզրակացրել
Միջազգային հարթակներից այսօր հստակ արձագանքներ են հնչել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և հայ–ադրբեջանական շփման գծում հրադադարի կանոնավոր խախտումների առնչությամբ։
Պաշտոնական Մոսկվան և Արևմուտքն ընդգծում են՝ այլ ուղղություններում առաջացած խնդիրներն այս տարածաշրջանում «առիթից օգտվելու» հնարավորություն չեն։ Միջազգային հանրության հստակ արձագանքը համընկել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գազատարի վերականգնողական աշխատանքների վերսկսման հետ։ Մինչև այս Ադրբեջանը խոչընդոտում էր դրանց՝ իր քայլերով լուրջ հումանիտար ճգնաժամ ստեղծելով Արցախում։
Մոսկվան ողջունում է խաղաղության բանակցություններ սկսելու` Երևանի ու Բաքվի պատրաստակամությունը և պատրաստ է աջակցել այդ գործընթացին, Հայաստանից ուղարկված դիմումին պատասխանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովայի խոսքով՝ լարվածությունը Արցախում աճել է մարտի սկզբին․
«Մեզ անհանգստացնում է իրավիճակը այդ տարածաշրջանում և հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում։ Մարտի սկզբից արձանագրվել են կրակի դադարեցման կանոնավոր խախտումներ։ Ռուս խաղաղապահները՝ իրենց պատասխանատվության տարածքում ձեռնարկում են համապատասխան միջոցներ՝ կայունությունը ապահովելու և իրավիճակը վերահսկելու համար։ Այդ ջանքերի շնորհիվ մարտի 13–ից զինված միջադեպեր չեն արձանագրվել։ Մենք կողմ ենք սահմանագծման և սահմանազատման աշխատանքները շուտափույթ սկսելուն՝ երկկողմ հանձնաժողովի ստեղծմամբ։ Տեղյակ ենք նաև ծանր հումանիտար իրավիճակի մասին, որը ստեղծվել է գազատարի վթարման պատճառով։ Երկու կողմի հետ կապի մեջ ենք՝ խնդիրը լուծելու համար։ Մեր դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է խուսափել այնպիսի քայլերից, որոնք խնդիրներ են ստեղծում բնակչության և քաղաքացիական անձանց համար և էլ ավելի են բարդացնում մարդասիրական վիճակը»։
Պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումներից է նաև այն, որ այլ ուղղություններով զարգացումները չեն կարող անդրադառնալ տարածաշրջանի իրավիճակի վրա։ Աշխատում ենք անկախ այլ զարգացումներից՝ հստակեցնում է Զախարովան։ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» կնքման ժամկետների մասին խոսելը վաղաժամ է համարում՝ հիմնավորելով, որ հստակեցումները բանակցությունների խնդիրն են, ընդ որում՝ երկկողմանի։ ՌԴ–ն պատրաստ է ստանձնել միայն միջնորդի դերը։
Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը Երևանում ունեցած հանդիպումներից հետո վստահ է, թե ինչ պատասխան կտրվի ադրբեջանական 5 կետանոց առաջարկներին։
«Դրանք Ադրբեջանի առաջարկություններն են, մեր կողմի առաջարկությունները համապատասխան ձևակերպումներով կլինեն հստակ և հավաստիացնում եմ, որ ոչ մի առաջարկություն չի ընդունվի, որը կբացառի Արցախի Հանրապետության և ընդհանրապես Արցախի ենթակայությունը Ադրբեջանին։ Բնականաբար, դա կիսում են մեր երկու պետությունների իշխանական թևերը ։ Դիվանագիտությունը բարդ ոլորտ է, բարդ գործընթացներով և ամեն ինչ չէ, որ անմիջապես ասվում է։ Այնուամենայնիվ, կարծում եմ, ոչ մի իշխանություն՝ թե Արցախի Հանրապետությունում, թե ՀՀ–ում, չի գնա այնպիսի քայլերի, որոնք հակասում է մեր ժողովրդի կամքին»։
Նույն միտքը՝ պահանջով և նախազգուշացումով երիտասարդները բարձրաձայնեցին Հայաստանի արտգործնախարարության շենքի մոտ։ Դաշնակցության և Հանրապետական կուսակցությունների երիտասարդական թևերի անդամներն էին գնացել արտաքին քաղաքական գերատեսչության մոտ։ Խնդրի կարգավորման իրենց պատկերացումն ունեն, նոր պատերազմ չեն առաջարկում։
«Իհարկե, կա այլընտրանք։ Խոսքը ռևանշի մասին չէ։ Խոսքը արժանապատվությունը վերականգնելու մասին է, որովհետև չի կարող լինել «խաղաղության պայմանագիր», եթե այդ պայմանագիրը հիմնված չէ արժանապատվության կամ փոխադարձ հարգանքի վրա։ Ի՞նչ հնարավորություններ կան․ ՄԽ ձևաչափը դեռ գործում է, Արցախի ինքնորոշման իրավունքը որևէ մեկը կասկածի տակ չի դնում։ Մենք տեսել ենք հայտարարություններ թե ռուսական կողմից, թե Ֆրանսիայից, թե ԱՄՆ–ից»։
«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ազատ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում» / ծափեր, վանկարկումներ /
Մի քանի շաբաթ շարունակվող հոգեբանական ճնշումից հետո ադրբեջանական հայտարարություններին և մուղամին հայկական կողմը՝ Խրամորթ գյուղից պատասխանում են բարձրախոսով միացվող հայրենասիրական երգերով։
Օրեր առաջ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը Արցախում էր, ապրիլին այց է նախապատրաստում նաև Սյունիքի մարզ, կառույցի արագ արձագանքման խումբը արդեն մեկնել է մարզի Ներքին Հանդի հատված՝ իրավիճակին ծանոթանալու համար։ Այն, ինչ անձամբ տեսել է Խրամորթում, օմբուդսմենին մտահոգել է և եզրակացությունների հիմք տվել․
«Ադրբեջանական կողմից ճնշման, ահաբեկման հայաթափման նպատակ հետապնդող քաղաքականությունը ցավալիորեն շարունակական է, այս ընթացքում նաև գազի անջատման հետ կապված՝ եղանակային նման ցուրտ պայմաններում, այս ամբողջ ընթացքում թույլ չտալը վերականգնելու ենթադրյալ վթարը, ևս մեկ ապացույց էին, որ սա ուղղակիորեն մեկ կետից կառավարվող քաղաքականություն է։ Նպատակը պարզ է՝ էթնիկ զտումն է Արցախի և հայաթափումն է»։
Հայաստանի օմբուդսմենը կասկածի տակ չի դնում Ադրբեջանի հետ հավանական «խաղաղության պայմանագրի» կնքումը։ Նա կասկածում է Ադրբեջանի ղեկավարների անկեղծությանը․
«Որևէ պաշտպան, ես էլ բացառություն չեմ, չի կարող ասել, որ խաղաղությունը վատ բան է, բայց որպես պաշտպան իմ մտահոգությունը, խաղաղության խոսակցությունները, խաղաղության կամքի կամ դրանց մասին բարձրաձայնումները պետք է ապահովագրված, ապացուցված լինեն նաև գործողություններով։ Այս պահին պետք է արձանագրենք, որ առնվազն վերջին երկու շաբաթվա իրադարձությունները ու էսկալացիաները՝ ներառյալ հումանիտար իրավիճակի այս սրացումները, ցույց են տալիս, որ այդ խաղաղության մասին խոսակցությունների համար ուղղակի միջավայր չկա, գործողություններ չկան։ Ու դրանք, մեղմ ասած, ադրբեջանական կողմից անկեղծ չեն»։
Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ ւ մտահոգություն է հայտնել նաև Արևմուտքը։ Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը կոչ է արել արագ վերսկսել բանակցությունները։
«Մարտի 8-ին Լեռնային Ղարաբաղ գազ մատակարարող գազատարը վնասվել էր այն հատվածում, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Չնայած ցուրտ պայմաններին, խողովակաշարը չի վերանորոգվել, և Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը զրկված է գազամատակարարումից արդեն մեկ շաբաթ: Անհրաժեշտ է անխոչընդոտ մուտք ապահովել այն տարածք, որտեղ վնասված է գազատարը, որպեսզի որքան հնարավոր է շուտ վերականգնվի գազի մատակարարումը»։
Կալյուրանդը անդրադարձել է ինչպես Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներին, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի մի քանի գյուղերի ուղղությամբ ականանետային ռմբակոծություններին, նաև՝ բարձրախոսով Ղարաբաղի բնակչությանը հոգեբանական ճնշումների ենթարկելու ադրբեջանական փորձերին։
Եվրոպացի պաշտոնյան իր ուղերձում հստակ ընդգծել է՝ խստորեն դատապարտում է խաղաղ բնակչության դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողություն։ Եվ կրկնել ԵՄ պատրաստակամությունն ուժեղացնելու աջակցությունը վստահության ամրապնդման, հումանիտար և այլ խնդիրների լուծման համար։
hy.armradio.am