Պաշտոնական Երեւանի կողմից ՄԽ-ի ձեւաչափում Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ սկսելու  պատրաստակամության մասին հայտարարությունից ու Բաքվի առաջարկների  հրապարակումից հետո գլխավոր հարցերը երկուսն են՝  Արցախի կարգավիճակ և անվտանգության երաշխիքներ։ Քաղաքագետները կարևորում են միջազգային մանդատ ունեցող  խաղաղապահ առաքելությունը Արցախում, բայց և ընդգծում՝անվտանգության երաշխիքները միայն խաղաղապահներին թողնելը միամտություն է։

Պաշտոնական Երեւանը հայտարարում է ՄԽ-ի շրջանակում Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին։  Միջնորդ երեք երկրները ողջունում են նախաձեռնությունը, բայց դրան պաշտոնապես արձագանքել դեռ չեն շտապում։ 

Փորձագիտական  շրջանակներում կարևորում  են միջազգային մանդատ ունեցող խաղաղապահների  ներկայությունն Արցախում։ «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ՝ անվտանգության երաշխիք չի կարող համարվել անգամ խաղաղապահների ներկայությունը։ Ռուս խաղաղպահներն թեև  Արցախում են, բայց սահմանային միջադեպերը  շարունակում են գրանցվել, չեն  իրագործվում անգամ  2020թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։

«Եռակողմ հայտարարությունը անվտանգության երաշխիք չէր տվել, մինիմալ բաներ կային, անգամ դա չի կատարվել։ Օրինակ՝ գերիների հարցը, կամ ադրբեջանական զորքը չկանգնեց այնտեղ, որտեղ պետք է կանգներ հրադադարի ստորագրման պահին, այլ շարժվեց առաջ, օրինակ Խծաբերդի գործողությունները 2020 թվականի դեկտեմբերի, որի հետեւանքով եւ բազմաթիվ զոհեր ունեցանք եւ 62 գերիներ։ Այս ամենը խոսում է այն մասին, որ անվտանգության երաշխիքներ չկան»։

Անվտանգության երաշխիքները միայն  խաղաղապահներին թողնելը միամտություն է՝ ասում է ռազմական փորձագետը։ Հավելում, որ ՄԽ-ի ձեւաչափով բանակցությունները վերսկսելու մասին խոսելիս պետք է հասկանալ,   թե ինչպես ենք պատկերացնում միջազգային մանդատ ունեցող խաղաղապահների տեղակայումը Արցախում։

ՄԽ համանախագահող երկրները  երեքն են՝ Ռուսաստան, Ֆրանսիա ու ԱՄՆ։ Ռուս խաղաղապահներն արդեն Արցախում են։ Համանախագահող մյուս երկրների՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ ԶՈՒ-ի տաղակայումը Արցախում կնշանակի ՆԱՏՕ-ի ներկայություն,  ինչը նոր  հարցեր  է առաջացնում․

«Իսկ ՆԱՏՕ-ն պատրաստակամություն հայտնել է խաաղղապահներ բերելու։ Այնպիսի տպավորություն է թե ՆԱՏՕ-ն մեզ գրկաբաց ընդունում է ու միայն ռուսներն են խանգարում, որ մենք գնանք ՆԱՏՕ։ Սա մանիպուլյատիվ դիրք է, քանի որ մենք շատ լավ տեսանք թե Վրաստանի դեպքը, թե Ուկրաինայի դեպքը։ ՆԱՏՕ-ն բացարձակապես չի շտապում իր կազմ ընդունել  երկրների, որոնք ունեն լուրջ խնդիրներ, հակամարտություններ»։

Բացի դրանից՝  ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայում  իր, այսպես ասած, քթի տակ թույլ չի տա Իրանը, դրան չի համաձայնի նաեւ Ռուսաստանը՝ հուշում է Կարեն Վրթանեսյանը։  Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը բացառում է որեւէ այլ երկրի խաղաղապահների տեղակայումն Արցախում,  քանի դեռ այնտեղ են ռուս խաղաղապահները․

«Բացառում եմ, որ որեւէ երկրի խաղաղապահ կտեղակայվի Արցախում։ ՌԴ–ն չի գնա այդ քայլին, որովհետեւ 30 տարի փորձում էր զինված  ներկայություն ունենալ Արցախում, ինչը չէր ստացվում եւ չէր ստացվում հենց ՄԽ-ի գործունեության պատճառով, որովհետեւ ՄԽ-ն ամեն ինչ անում էր, որպեսզի ավելի չռազմականացվի Արցախը։ Չեմ կարծում, թե ՌԴ–ն իր տեղը կզիջի որեւէ մեկին, ընդհուպ մինչեւ Թուրքիային, քանի որ Թուրքիան եւս համարվում է ՆԱՏՕ-ի անդամ։ Բացառում եմ ռուս խաղաղպահնեի դուրս բերումը Արցախից այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել Արցախի կարգավիճակի հարցը»։

Չպետք է մոռանալ նաեւ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ ինչպես ընդունված է ասել՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը տարածաշրջանում, ասում է Կարեն Վրթանեսյանը։ Նա հորդորում է հետեւել ռուս-ուկրաինական իրադարձություններին։ Քանի դեռ ռազմական գործողությունները շարունակվում են , հստակ վերլուծությունները տեղին չեն՝ ասում է։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 17-ին Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ջոանայի հետ։

Քննարկվել են  տարածաշրջանային անվտանգության հարցեր,  Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի, քաղաքացիական բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումների գործադրման փաստերը, նաեւ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման թեման։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն այս հանդիպումը արարողակարգային է համարում, հայտարարությունը՝  նույնպես։  Այն տեղեկատվական բնույթ ունի եւ ոչ ավելին, ասում է։ Փորձագետը կարեւորում է ՄԽ-ի ձևաչափի պահպանումը։ Արցախյան խնդիրը հենց այն հարթակը կարող է լինել, որը մեկ սեղանի շուրջ է միավորում  տարաձայնություններ ունեցող երկրներին։

«Հենց այստեղ է, որ աշխարհի շահերը բախվում են։ Հենց այստեղ է, որ կարող են մի կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրները, մյուս կողմից ՌԴ–ն նստել նույն սեղանի շուրջ եւ մեկ այլ հակամարտության վերաբերյալ լուծումներ մտածել»։

Բոլոր երկրներին ձեռնտու է, որ պատերազմ չլինի Արցախում եւ պահպանվի այն վիճակը, որն այսօր առկա է։ Սա  ձեռնտու չէ միայն Թուրքիային ու Ադրբեջանին։ Դրա համար պետք է շեշտադրել ՄԽ-ի գոյության անհրաժեշտությունը ՝ ասում են փոձագետները։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն