Ուկրաինայի 18 քաղաքացի է դիմել Հայաստանի Միգրացիոն ծառայություն՝ ապաստան ստանալու համար։ Միգրացիոն  ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝  հիմնականում խառը ամուսնությունների դեպքեր են, երբ ամուսինը հայ է, կինը՝ ուկրաինացի, կամ հակառակը։ Ղազարյանի խոսքով՝ ոչ բոլորն են, որ  Հայաստանում են ռուս-ուկրաինական հակամարտության  հետևանքով։ Նրանց մի մասն արդեն ՀՀ-ում էր, երբ պատերազմական գործողությունները սկսվել էին։ 

Ղազարյանի պարզաբանմամբ՝  միգրացիոն  օրենսդրությունում առկա է «փախստական տեղում» կարգավորումը։ Բացատրում է՝ մարդը կոնկրետ գործողություններից չի փախել, բայց իր ծագման երկիր վերադառնալու անհնարինության պարագայում  փախստական է ճանաչվում։  «Այժմ այս 18 դեպքերը ստանդարտ գործընթացի մեջ են։ Շուտով կտրամադրվեն նրանց վերաբերյալ որոշումները»,-ասում է միգրացիոն ծառայության պետը։

Ինչպե՞ս է կարգավորվում Ուկրաինայից երրորդ երկրներում գտնվող   ՀՀ քաղաքացիների վերադարձը  հարցին ի պատասխան՝Արմեն Ղազարյանը հիշեցնում է, որ ԱԳՆ-ն հրապարակել է հյուպատոսական կետերի օժանդակության  նպատակով անհրաժեշտ համապատասխան հեռախոսահամարներ։  Ուկրաինային հարակից հինգ երկրներում ՝ Լեհաստանում, Մոլդովայում, Ռումինիայում, Հունգարիայում և Սլովակիայում  գործող այդ  կետեր կարող են դիմել մեր քաղաքացիներն ու ստանալ փաստաթղթային կամ այլ օժանդակություն։  Ըստ անհրաժեշտության՝ անձը հաստատող փաստաթղթերի բացակայության պայմաններում տրամադրվում են վերադարձի վկայականներ, որպեսզի կարողանան ՀՀ վերադառնալ։

Միգրացիոն ծառայության պետը նաև հիշեցնում է,  որ մարտի 7-ին ԵՄ-ն որոշում է ընդունել, որով ակտիվացրել է ժամանակավոր պաշտպանության 2001թվականի դիրեկտիվը։  Պարզաբանում է՝ ԵՄ անդամ երկրներ  մուտք գործելիս երրորդ երկրի այն քաղաքացիներին, որոնք Ուկրաինայում ունեցել են մշտական կացության կարգավիճակ, տրամադրվում է  մինչև  1 տարի  ժամկետով ժամանակավոր պաշտպանություն։ Նույնը վերաբերում է նաև Ուկրաինայում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող քաղաքացիներին, սակայն երկու դեպքում էլ անձը պետք է ապացուցի, որ ի վիճակի չէ կամ հնարավոր չէ  վերադառնալ իր ծագման երկիր։

«Մեր քաղաքացիները պետք  է իրազեկ լինեն, որպեսզի հետագայում անօրինական միգրանտի կարգավիճակում չհայտնվեն ԵՄ-ում, և հարկադիր վերադարձի խնդիրներ չառաջանան,- ասում է Արմեն Ղազարյանն ու հստակեցնում,- այս պահին կոնկրետ տվյալներ չունենք, թե Ուկրաինայից  ՀՀ քանի քաղաքացի է ԵՄ երկրներ անցել։ Այդ տվյալները պետք է տրամադրեն հարակից երկրները, բայց իրենք էլ չեն ամփոփել այդ տվյալները»։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն