Ռուս-վրացական սահմանին Վերին Լարսի անցակետը կրկին փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Իսկ բեռնատարների համար ճանապարհը փակվել է դեռևս մեկ շաբաթ առաջ՝ մարտի 17-ից: Այս ընթացքում Վերին Լարսում ռուսական կողմից հազարավոր բեռնատարներ են կուտակված:

Այս առնչությամվ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ երեկ ինչ-որ պահի մարդատար մեքենաների համար ճանապարհը բացվել է, բայց գիշերը նորից ձնահյուս է իջել, որից հետո դարձյալ փակվեց բոլոր մեքենաների համար:

«Այսինքն բեռնատարներն արդեն մեկ շաբաթ կանգնած են: Բեռնատարների թիվը արդեն 3,5 հազարն անցել է: Դա բավական բարդ է հաշվարկել, բայց հաստատ 3500-ից ավելի է: Դրանց մեջ ընդամենը 15-20 տոկոսը հայկական մեքենաներ են, կամ Հայաստան բեռ բերող մեքենաներ: Հուսով եմ՝ այսօր կբացվի Լարսը, որովհետև երեկվանից լավ եղանակ է, պարզապես խնդիրն այն է, որ ձնահյուսերը արևոտ եղանակին իջնում են»,-ասաց նա:

Անդրադառնալով հնարավոր այլընտրանքային ճանապարհներին՝ Թանանյանը նշեց. «Այլընտրանքային ճանապարհներ եղել են Հարավային Օսիայով և Աբխազիայով, բայց 2008-ի հայտնի դեպքերից հետո այդ երկու ճանապարհները չեն գործում քաղաքական դրդապատճառներով: Վրաստանը եվրոպական ֆինանսական ռեսուրսներով պատրաստ է թունել կառուցել, արդեն սկսել է կառուցումը, որի երկարությունը 24 կմ է լինելու, որից 10 կմ-ն մաքուր թունելային հատվածն է: Նպատակն այն է, որ ձմռան ամիսներին եղանակի պատճառով այլևս չկանգնեն մեքենաները: Բայց այդ թունելը շահագործման կհանձնվի 2024 թվականին: Իսկ մինչ այդ մենք կախված ենք լինելու Լարսի ճանապարհից: Սա մեր միակ ճանապարհն է: Եթե այլ երկրները կարող են այլ ճանապարհով գնալ, մասնավորապես, կարող են Ռուսաստանից Դաղստանով մտնել Ադրբեջան, հետո մտնել Վրաստան ու գնալ Եվրոպա ու Թուրքիա: Իսկ մեր դեպքում Ռուսաստանի հետ կապող միակ ճանապարհը Լարսն է, սա մեր միակ պորտալարն է»:

Նա նկատեց, որ այս եղանակային պայմաններում Լարսի անցակետով անցնող վարորդները խիզախներ են. «Վարորդների համար որևէ հարմարություն չկա, և մեր վարորդները պարզապես խիզախորեն գործում են: Վարորդներն աշխատում են եղանակային վատ պայմանների դեպքում արագ փչացող սննդամթերք չտեղափոխել: Դրանք տեղափոխում են սառնարաններով: Որպես կանոն այդպիսի բեռները որևէ արտոնություն չունեն մյուսների համեմատ: նույնիսկ պայթյունավտանգ նյութերը ցիստեռներով տեղափոխում են ընդհանուր հերթի պայմաններով, ինչն ընդհանրապես անտրամաբանական է: Մարդիկ իրենք են հետևում հերթին, արտահերթ որևէ մեկի շարժը մեծ լարումների, անգամ բախումների է բերում»:

Նա հույս հայտնեց, որ եղանակը այսօրվանից կտաքանա, արդյունքում մեքենաների համար Լարսը կլինի անցանելի, սակայն հավելեց, որ դեռ մեկուկես ամիս պահանջվի, որ այս խցանումներն ավարտվեն։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն