HRW–ը կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ Արցախում հետագա հումանիտար ճգնաժամից խուսափելու համար
Human Right Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել` Արցախում հետագա հումանիտար ճգնաժամից խուսափելու համար։
Խնդրին նա անդրադարձել է այն բանից հետո, երբ երկու շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ցուրտ եղանակին մնացել են առանց գազամատակարարման՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող գազատարի պատճառով:
Գոգիան նշում է, որ հացի գործարանները նույնպես չեն կարողանում աշխատել, և կա հացի պակաս։
«Գազի անջատումը անդրադարձել է նաև կրթական հաստատությունների՝ մանկապարտեզների և դպրոցների վրա։ Դրանք փակ են, քանի որ չեն ջեռուցվում։ Շտապ քայլեր են անհրաժեշտ՝ հետագա հումանիտար ճգնաժամից խուսափելու համար»,- Twitter-ում գրել է Գիորգի Գոգիան։
«Վերջին շաբաթների ընթացքում նաև լարվածության աճ է գրանցվել շփման գծում: Եթե սա բնակչության տեղահանելու միտումնավոր փորձ է, ապա դա Ժնևի կոնվենցիաների խախտում է»,- հավելել է նա: