Նիկոլ Փաշինյանը ստանալով այսպես կոչված Խաղաղության մրցանակը Հեսսենի երկրամասում՝ Գերմանիայում, ասում է, թե այդ մրցանակին հավասարապես արժանի է նաեւ Ալիեւը։

Դրանից ընդամենը երկու օր առաջ Ալիեւի ոչ պաշտոնական խոսնակներից մեկը՝ նախկին արտգործնախարար Զուլֆուղարովը, ծաղրի էր ենթարկել Փաշինյանի լողը Սեւանում եւ ներկյացրել էր Սեւանի հանդեպ Ադրբեջանի հավակնությունը։ Ընդամենը երկու օր առաջ, եւ մարդ, որն ակնհայտորեն պաշտոնական Բաքվի ոչ պաշտոնական խոսնակ է, այլ ոչ թե նախկին պաշտոնյա–«անկախ վերլուծաբան»։

Ինչպես նշել եմ, Ադրբեջանում անկախ վերլուծաբանները կամ անկախ քաղաքացիականները նստում են բանտում, ոչ թե իշխանության կազմակերպած քննարկումների սեղանի շուրջ։ Իսկ Զուլֆուղարովը այդ սեղանների մշտական մասնակիցներից մեկն է։

Ըստ էության, դե ֆակտո, Փաշինյանին վիրավորողը եւ Սեւանի հանդեպ հավակնություն ներկայացնողը Ալիեւն է, պարզապես Զուլֆուղարովի շուրթերով։ Եվ դրա մի վառ ապացույցն այն է, որ Զուլֆուղարովը այսօր «բացել» է երկու օր առաջ արած իր այդ վիրավորական գրառման իրավա–քաղաքական ասպեկտը, ներկայացնելով, որ Ադրբեջանը հավակնում է Հայաստանի տարածքներին միանգամայն հիմնավոր։ Այլ կերպ ասած, դա քաղաքականությունն է, այլ ոչ թե պարզապես անձի վերաբերմունքը։

Եվ Նիկոլ Փաշինյանը, որը Վիսբադենում ասում է, թե Ալիեւը հավասարապես արժանի է Խաղաղության մրցանակի, սա պատկերացնում է թերեւս ամենից լավ։ Բայց ասում է։ Ասում է ոչ թե այն պատճառով, որ չասելու դեպքում կլինի պատերազմ, այլ որովհետեւ Ալիեւի հանդեպ այդ ռեվերանսները չանելու պարագայում պարագայում քանդվելու է նրա ներքաղաքական ամբողջ կոնստրուկցիան, իշխանական ամբողջ հենարանը։ Եվ Ալիեւը դա հիանալի գիտե։ Գիտե, ու դրանից քամելու է առավելագույնը, կամ համենայն դեպս առավելագույնն է անելու՝ առավելագույնը քամելու համար։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ