Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցիհայտարարությունը Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի և բռնի տեղահանման երրորդ տարելիցի կապակցությամբ

Երեք տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծեց ավելի քան իննամսյա շրջափակման հետևանքով հյուծված Արցախի Հանրապետության դեմ:

Այդ ռազմական հանցագործությունը, որն ուղեկցվեց քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ և խաղաղ բնակչության սպանություններով, դարձավ Արցախի հազարամյա բնիկ ժողովրդի դեմ նախապես ծրագրված էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության գագաթնակետը: Միջազգային հանրության լռության և գործուն մեխանիզմների բացակայության պայմաններում ավելի քան 120 հազար արցախցիներ ստիպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը՝ փրկվելու ֆիզիկական բնաջնջումից:

Այս ողբերգական օրը մեր խոնարհումն ենք բերում հանուն հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհաբերած բոլոր նահատակների պայծառ հիշատակի առջև: Նրանց սխրանքն ու անձնազոհությունը մեր ժողովրդի պատվի և արժանապատվության հավերժական վկայությունն են:

Անցած երեք տարիները չեն նսեմացրել և չեն կարող նսեմացնել մեր բնականոն իրավունքները և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը։ Ուստի՝ Արցախի ժողովրդի անունից վերահաստատում եմ.

• Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքը հանդիսանում է անսակարկելի: Այն պետք է իրականացվի միջազգային հուսալի երաշխիքների և մեր ժողովրդի հիմնարար իրավունքների ու ազատությունների լիարժեք ապահովման պայմաններում:

• Բաքվի բանտերում շինծու մեղադրանքներով պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մեր մյուս բոլոր հայրենակիցների անհապաղ ազատ արձակումը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթություններից:

• Բռնազավթված Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումը մշակութային ցեղասպանության շարունակությունն են, որը պահանջում է միջազգային հանրության անհապաղ միջամտությունն ու կանխումը։

• Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախահայության կենսական կարիքների բավարարումն առաջնահերթ հրամայական է։ Այս ուղղությամբ էական նշանակություն ունի միջազգային հանրության շարունակական ու նպատակային աջակցությունը՝ տեղահանված բնակչության սոցիալական կայունությունն ամրապնդելու և հումանիտար մարտահրավերները հաղթահարելու գործում:

Չնայած այսօր ստեղծված ծանր աշխարհաքաղաքական իրավիճակին և բռնի տեղահանման դառնությանը՝ արցախցիների համախմբվածությունը, ինքնության պահպանումն ու պայքարի շարունակականությունն այլընտրանք չունեն:

Մենք պարտավոր ենք համատեղել ողջ հայության ներուժը՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի լեգիտիմ իրավունքներն ու հասնելու պատմական արդարության վերականգնմանը:

Հավերժ փառք մեր նահատակներին:

Տոկունություն և կամք Արցախի ժողովրդին և համայն հայությանը:

Սեպտեմբերի 19, 2026 թ․

Երևան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ