Կառավարությունը հավանություն տվեց պետական սահմանին «մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանը
Կառավարությունը հավանություն տվեց մի շարք օրենքներում փոփոխություներ կատարելու նախագծին, որով պետական սահմանին տարբեր մարմինների կողմից իրականացվող հսկողությունն օպտիմալացվում է, և ներդրվում է «մեկ պատուհան» սկզբունքը։
«Այս օրենքների նախագծերի փաթեթով պետական սահմանին տարբեր մարմինների կողմից իրականացվող հսկողությունը օպտիմալացնում ենք, և իրապես ներդնում ենք մեկ պատուհանի սկզբունքը»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նա հիշեցրեց, որ այս պահին 5 մարմին է ներկայացված պետական սահմանին՝ ԱԱԾ սահմանապահ զորքերը, Մաքսային ծառայությունը, ՍԱՏՄ-ն, Ոստիկանությունը, և տրանսպորտային գործառույթի մասով նախատեսվել էր տեսչական մարմնի ներկայություն:
Բադասյանը նշեց, որ փոփոխություններից հետո սահմանային կետում կմնա երկու մարմին՝ Մաքսային մարմինը և ԱԱԾ սահմանապահ զորքերը, որոնք պետական մարմինների գործառույթների վերաբաշխումով կիրականացնեն սահմանային կետում հսկողություն: Մասնավորապես, Մաքսային մարմինը կիրականացնի մաքսային գործառույթները և ՍԱՏՄ մասով՝ փաստաթղթային հսկողությունը, իսկ ՍԱՏՄ-ի կողմից մնացած հսկողության առկայության դեպքում այդ հսկողությունը կիրականացվի արդեն ՀՀ պետական սահմանից ներս:
Բնականաբար, մյուս պետական մարմինների գործառույթները վերաբաշխվում են այդ երկու պետական մարմինների միջև:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ այդ ամենի նպատակը հետևյալն է, որ մեկ անձը փաստաթղթերի մեկ փաթեթը հանձնի մեկ պետական մարմնի և ստիպված չլինի պետական սահմանի անցման կետը անցնելիս դիմել տարբեր պատուհանների նույն փաստաթղթերի փաթեթով, և իրականացվի կրկնակի հսկողություն:
Բադասյանը նշեց, որ օրակարգում չզեկուցվող երկու հարց է ընդունվել, որոնք վերաբերում են նախնական հայտարարագրման դեպքում մաքսատուրքի հետաձգմանը և ավտոմատացված բացթողմանը:
«Թե՛ զեկուցվող, թե՛ չզեկուցվող հարցերի ընդունման նպատակն այն է, որ սահմանային կետի հատումը տնտեսվարողի կողմից իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում»,- ասաց նա:
Բադասյանը նշեց, որ նախկինում տնտեսվարողը միջինը 2-3 օր էր ծախսում ներմուծման պրոցեսի վրա, որպեսզի ապրանքների բացթողումը տեղի ունենա:
«Հիմա մենք ունենք արդեն 13 սուբյեկտ, որոնք օգտվել են նախնական հայտարարագրման համակարգից, և ունենք աշխատակազմ, որը 24/7 ռեժիմով սպասարկում է նախնական հայտարարագրերը: Արդյունքում՝ գործընթացը 2-3 օրվա փոխարեն տևում է 2-3 ժամ»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ նշելով, որ ԱԺ-ի կողմից զեկուցվող փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո, երբ կձևավորվի սահմանային էտալոնային մոդելով աշխատող կետ, ժամանակը կրկին կկրճատվի, որի արդյունքում կլինի ծախսերի և ժամանակի խնայողություն:
«Մաքսային կետերը բեռնաթափվում են հավելյալ արգելափակոցներից, մի կողմից էլ ընթացակարգերը պետք է պարզեցնենք հընթացս և՛ այս փաթեթով, և՛ այս փաթեթից դուրս: Մյուս կողմից էլ՝ մենք որոշումը կայացրել ենք, պետք է ռեյտինգավորենք արտահանողներին և ներմուծողներին իրենց վարքագծի, այդ թվում՝ հարկային վարքագծի համաձայն:
Հսկողական քաղաքականություն իրականացնենք ռիսկերի գնահատման վրա, այսինքն՝ եթե կա տարօրինակ պահվածք, գնալ դրա հետևից և ոչ թե բոլորին անընդհատ կանգնեցնենք, ստուգենք, վերստուգենք: Սա, իհարկե, կարևոր է տնտեսական միջավայրի համար և սոցիալական հարակից էֆեկտներ ունի, դա դրական ազդեցություն կունենա գների վրա»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
1lurer.am