Մայրաքաղաքի առևտրի փոքր կետերում  վերջին օրերին կաթի դեֆիցիտ կա՝ ահազանգում են «Ռադիոլուրի» ունկնդիրները։ Սուպերմարկետներին այս խնդիրը կարծես դեռ չի վերաբերում։

Տուփերով կաթ արտադրող ընկերությունները հաստատում են դեֆիցիտի մասին լուրերը։ Որպես ժամանակավոր  այլընտրանք՝ առաջարկում են պիտանելիության ավելի երկար ժամկետ ունեցող կաթնամթերքը, իսկ որպես դեֆիցիտի պատճառ մատնաշում  ոչ թե կաթի, այլ կաթի տուփերի պակասը։ 

Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակչուհին իր փոքրիկի համար արդեն մի քանի օր կաթ գնել չի կարողանում, ասում է, որ շրջել է տարածքի 5 խանութներում, չի գտել, ի պատասխան նշել են, որ խնդիրը ոչ թե կաթին, կաթի տուփերին է վերաբերում։ 

«Ես բնակվում եմ Նոր Նորքի 7-րդ զանգվածում։ Մտա խանութ, որ կաթ գնեմ ու տեսա, որ կաթ չկա որևէ արտադրության, ընդհանրապես։ Հարցրեցի՝ չե՞ն ստացել, ասացին, որ արդեն մի քանի օր է, ինչ կաթ չեն ստացել։ Մատակարարներն ասել են, որ տուփեր չկան։ Մտա մոտակա մի քանի խանութները ու տեսա, որ ոչ մեկում էլ չկա։ Ասում են՝ չգիտեն, թե ինչքան ժամանակ կաթ չի լինի»։

Ինչո՞ւ է անհետացել կաթը առևտրի փոքր կետերից։  «Բոնիլատ» կաթնամթերք արտադրող ընկերության վաճառքի պատասխանատու Լիլիթ Օրդուխանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց, որ կաթի սակավությունը սեզոնային է, ապրիլից խանութներում կաթի պակաս կրկին  չի լինի։ Տուփերի դեֆիցիցտի խնդիր այս ընկերությունը չունի, քանի որ կաթը վաճառում է շշերով։

«Աշտարակ կաթ» ու «Մարիաննա» ընկերությունների արտադրանքը  վաճառքում թղթե տուփերով է։ Առաջինի  որակի գծով փոխտնօրեն  Քրիստինե Կարապետյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հաստատեց, որ կաթը վաճառելու խնդիր կա։ Տուփեր չենք կարողանում ստանալ՝ Լարսի անցակետի փակ լինելու հետևանքով՝ ասաց։

«Կաթի դեֆիցիտը պայմանավորված է կաթի փաթեթավորման տարաների պակասով։ Ներկա պահին Լարսի անցակետում է կանգնած մեր մեքենան՝ բեռնված փաթեթավորման տարայով։ Եղանակային պայմանների պատճառով Լարսի անցակետը փակ է, և մեքենաները չեն կարողանում անցնել։ Զուտ սրանով է պայմանավորված կաթի պակասը խանութներում»։

Խանութներում սպառողներին որպես այլընտրանք պահպանման ավելի երկար ժամկետ ունեցող կաթ է առաջարկվում, որը, սակայն, նրանց այդքան էլ չի գրավում։ «Մարիաննա» ընկերության որակի գծով փոխտնօրեն  Քրիստինե Կարապետյանը հաստատում է ասվածը․ ընկերությունը նաև ութ ամիս պիտանելիության ժամկետով ուլտրապաստերիզացված կաթ է արտադրում։ Զրուցակիցս բացատրում է, թե որն  է պահպանման կարճ և երկար ժամկետեր  ունեցող  կաթերի տարբերությունը։

«Որպես այլընտրանք՝ առաջարկում ենք ուլտրապաստերիզացված կաթ, մինչև եղանակը կկարգհավորվի, ու տարաները տեղ կհասնեն։ Տարբերությունն ուղղակի  մշակման մեջ է։ Առաջինը պաստերիզացված է, մյուսը՝ ուլտրապաստերիզացված։ Պաստերիզացիան ջերմային մշակումն է՝ չհասած 100 աստիճանի, որը կարելի է պահել հինգ օր, իսկ ուլտրապաստերիզացիան գերբարձր՝ 135-140 աստիճան ջերմային մշակում անցած  կաթն է, որը ճիշտ փաթեթավորման շնորհիվ կարելի է երկար պահել»։

Կաթում առկա սպիտակուցները բարձր ջերմային մշակման ենթարկվելիս ձևափոխվում են, բայց քանի որ այս եղանակով   կաթի մշակումը ակնթարթ է տևում, սպիտակուցները չեն փոփոխվում, ոչ էլ վիտամիններն են ոչնչանում՝ վստահեցնում է մասնագետը։ Ավելին՝ ասում է, որ բոլոր տեսակի մանրէները 100-ից բարձր  ջերմային մշակման պայմաններում ոչնչանում են, ինչն անվտանգ է դարձնում  կաթի օգտագործումը անգամ երեք տարեկան երեխաների համար։

Թե որքան կտևի թղթե տուփերով վաճառվող կաթի դեֆիցիտը խանութներում, ընկերությունում չգիտեն։ Ժամկետներն, ասում են,   կախված են Լարսի անցակետի պայմաններից։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն