Մտահոգիչ թվեր․ խաղամոլության բյուջեն երկրի բյուջեից մեծ է
Պաշտոնական վիճակագրություն, թե քանի մարդ է Հայաստանում զբաղվում խաղամոլությամբ, չկա, բայց հայտնի է, թե խաղային շրջանառությունից 2021 թվին որքան գումար է մուտք եղել պետբյուջե՝ 3 տրիլիոն 900 մլրդ դրամ։ «Սա մեր երկրի բյուջեն կրկնակի գերազանցող ցուցանիշ է»,-կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ ոլորտի վերահսկողությունը պետք է խստացվի։
«Մի՛ հատիր գիծը, խաղա հաճույքի համար»։ Այս գրությամբ գովազդային վահանակներ քաղաքում կտեսնեք ամեն քայլափոխի։ Ու մարդիկ, չդիմանալով գայթակղությանը, խաղում են հաճույքի համար ու հատում թույլատրելի սահմանը։ Ոլորտը վերահսկողության դաշտ բերելու մի քանի փորձ արվել է, օրինակ՝ շահումով խաղերով զբաղվող ընկերությունների գործունեության ու գովազդների վրա որոշ սահմանափակումներ են դրվել։ Բայց գովազդային շուկայի 24%-ը բաժին է ընկնում հենց այն 4 ընկերություններին, որոնք Հայաստանի տարածքում զբաղվում են շահումով խաղերի կազմակերպմամբ։
Օրենքով պետք է արգելվեր արտաքին գովազդն ամբողջությամբ, բայց ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել էին օրենքի հեղինակներին ու ասել, որ սահմանափակումները խնդիրներ են առաջ բերելու։ Արդյունքում՝ սահմանափակումները մեղմվեցին․ թույլատրվեցին գովազդային վահանակներ՝ մինչև 5ք/մ մեծությամբ։ Պաշտոնական վիճակագրություն, թե քանի մարդ է Հայաստանում զբաղվում խաղամոլությամբ, չկա, բայց խաղադրույքի շրջանառությունից գոյացած գումարի չափը շատ խոսուն է։ Կառավարության ղեկավարը հնչեցնում է Ֆինանսների նախարությունից ստացված թիվը․
«3 տրիլիոն 900 մլրդ դրամ շրջանառություն, սա մեր երկրի բյուջեն կրկնակիից ավելի գերազանցող ցուցանիշ է»։
Վերահսկողություը շահումով խաղերի ոլորտում պետք է խստացվի։ Կան տվյալներ, որ խաղադրույք կատարում են անգամ մարդիկ, որոնց ընտանիքիները սոցիալական նպաստ են ստանում։ Ըստ Ֆինանսների նախարարի՝ այդ մարդկանց թիվը գնալով աճում է, փորձում են կանխարգելող քայլեր ձեռնարկել․
«Առաջին փուլում նախատեսվում է սահմանափակել կանխիկով ու վճարային տերմինալներով խաղադրույքների կատարումը։ Իսկ օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո՝ նաև էլեկտրոնային դրամապանակների միջոցով օգտահաշիվների լիցքավորումը։ Այդ ժամանակ խաղային հաշվին գումար կարող է փոխանցվել բացառապես բանկային քարտից»։
Ոլորտում ազատ խաղացողների թիվն սկսել է կրճատվել 2018 թվականից։ Խաղային ավտոմատները գազալցակայաններից վերացվեցին, բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակվեց, արգելվեց անչափահասների ներգրավումը։ Աժ–ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի կարծիքով՝ պետք է մշակել կիրառական, գործուն մեխանիզմներ, քանի որ սովորական սահմանափակումները անհրաժեշտ արդյունքը չեն տալիս․
«Բոլորս համաձայն ենք, որ ունենք խնդիր, որը պետք է լուծել։ Այդ խնդիրը գնալով սրվում է։ Մենք ունենք մարդկանց թվի և խաղադրույքների ծավալների համատարած աճ։ Ունենք դեպքեր, որ խնդիրը ոչ միայն տնտեսական ու սոցիալական է, այլև կարող է դառնալ իրավական և անվտանգության։ Շատ փակագծեր չբացեմ․ այն տեղերում, որտեղ ցանկալի չէ, որ մարդիկ դրանով զբաղվեն, մարդիկ հեռախոսներով են զբաղվում»։
Վարչապետ Փաշինյանը համոզված է, որ ոլորտը քիչ թե շատ կարող է կարգավորվել, երբ բացառվի կանխիկի շրջանառությունը․
«Հիմա մենք անում ենք հաջորդ քայլը. փակում ենք դրամապանակները տերմինալների միջոցով լիցքավորելու մեխանիզմը: Խաղադրույքների այդ դրամապանակները կարելի է լրացնել միայն բանկային հաշվից»։
Վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը ոլորտը կարգավորելու հարցում հետևողական քայլեր է անելու՝ անկախ քննադատությունից ու շանտաժներից։
hy.armradio.am