Ավազով ու խճաքարով գերբեռնված մեքենաները վնասում են վերանորոգված ճանապարհները
Ավազահանքերից հանքանյութ տեղափոխող բեռնատարները վնասում են նոր վերանորոգված ճանապարհները։ Չդիմանալով 50 տոննա և ավելի կշռող մեքնենաների ծանրությանը՝ Արմավիրի մարզի Մարգարա, Վարդանաշեն, Արաքս և սահմանամերձ մի քանի բնակավայրեր տանող ճանապարհները, տեղացիների պնդմամբ, համարյա քանդվել են: Մ3 միջպետական ճանապարհի 6կմ 450մ հատվածը պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել էր 9 տարի առաջ:
Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ՝ այս երթուղով անցնող միջպետական Մ3 մայրուղին սկսվում է Արմավիրի մարզից և ավարտվում Լոռու մարզում: 2013-ին պետական բյուջեից 525 մլն 746 հազ դրամ է հատկացվել Մարգարայի կամրջից 6կմ 450 մ երկարությամբ հատվածի հիմնանորոգման համար, որն անցնում է Արմավիրի մարզի 4 գյուղերով: Սահմանամերձ համայնքների համար կենսական նշանակության խնդիր էր լուծվել։
«Շատ լավ ճանապարհ էր, շատ էինք ուրախացել, մինչև Արմավիր թեթև գնում-գալիս էինք: Հիմա չենք կարող, ճանապարհը քանդված է»:
Զրուցակիցս Վարդանաշեն գյուղից է, միասին էինք անցնում խորդուբորդ ճանապարհը, որը կառուցումից կարճ ժամանակ անց քանդվել է: Բնակիչները գիտեն, թե ինչն է պատճառը։ Սահմանամերձ գյուղերի մոտ՝ Արաքս գետի ավազանում, մի քանի ավազահանքեր կան: Ասֆալտը չի դիմանում ավազով ու խճաքարով գերբեռնված ավտոմեքենաների ծանրությանը:
«Բեռնատարաները 24 ժամ շարունակ անցնում են: Մարգարայի տարածքում 2 ավազահանք կա, մեկը «ՄԼ Մայնինգն» է, մյուսը՝ «Սարդարապատը» (հեղ.«Վինեկա» ՍՊԸ-ն նկատի ունի, որը փոխկապակցված է ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի ընտանիքի հետ), 24 ժամ մեքենաներն աշխատում են, գոնե բերեն ավազ լցնեն, մեքենաները կարողանան անցնել»,- դժգոհում է զրուցակիցս:
Տեղացիներն ասում են, որ բեռնատարաները հանքանյութը գերբեռնված են տեղափոխում, իսկ ամռանը տաքացած ասֆալտը մեքենաների ծանրության տակ դեֆորմացվում ու քանդվում է: Վարդանաշեն գյուղի վարչական ղեկավար Միհրան Հովհաննիսյանն էլ է նույնը փաստում.
«Բեռնատարների անիվների տակ տաքացած ասֆալտի վրա ակոսներ են առաջացել, իսկ հիմա անձրևաջրերն ու հալոցքից առաջացած ջրերն ավելի են նպաստում ճանապարհների քայքայմանը»:
Հանքարդյունահանողները ճանապարհը քանդում են, բայց վնասը չեն փոխհատուցում: Միհրան Հովհաննիսյանը մինչև համայնքների խոշորացումը ՝ 2.5 տարի ղեկավարել է Վարդանաշեն համայնքը: Ասում է՝ խնդրի մասին պատկան մարմիններին տեղեկացրել է, բայց խնդիրը չի կարգավորվել:
«Մեր վերադաս իշխանությունը տեղյակ է և, ինչքան ինձ է հայտնի, այս տարի այդ ճանապարհը նորից պետք է վերակառուցվի, որովհետև 2021թ չափագրումներ են արել, նախագիծ-նախահաշիվ են կազմել»
Ըստ նախագծի՝ վերակառուցվելու է Վարդանաշենից մինչև Լուսագյուղ ընկած 8.5 կմ ճանապարհահատվածը: Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ միջոցները հատկացվելու են պետական բյուջեից, աշխատանքները սկսվելու են եղանակի կայունացմանը զուգահեռ.
«Մ3 միջպետական ճանապարհի սկիզբը սկսվում է Մարգարայի կամրջից: Կամրջից մինչև Վարդանաշեն հատվածը 2 կմ է, որը հիմնանորոգված է: Այսինքն՝ մենք սկսում ենք 2 կմ-ից մինչև 10.5 կմ հատվածը, որը հասնում է մինչև Լուսագյուղ: Այն ներառելու է Ջրառատի կամուրջը, Վարդանաշեն, Երասխահուն, Ջրարբի համայնքների ճանապարհները, շուրջ 8.5կմ տարածք»:
Միջպետական ճանապարհի Մարգարայից- Լուսագյուղ հատվածի վերանորոգումից հետո դրա պահպանությունը երաշխավորված չէ 50 տ քաշ ունեցող մեքենաներից: Ճանապարհների պահպանման նպատակով կառավարությունը նախատեսել է ներդնել կշռման համակարգեր: Այս մասին խոսել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Հանրապետության գլխավոր ճանապարհների վրա տեղադրվելու են կշռման համակարգեր, որոնք կֆիքսեն այդ մեքենաների գերծանրաբեռնվածությունը՝ մի շարք իրավական հետևանքներով: Պատասխանատվության են ենթարկվելու այն ընկերությունները կամ ֆիզիկական անձինք, որոնք շահագործում են այդ մեքենաները»:
Նախարարի խոսքով՝ ճանապարհներին կտեղադրվեն էլեկտրոնային կշռման համակարգեր, որոնք ընթացքի ժամանակ կգրանցեն մեքենայի քաշը: Քանի դեռ այդ համակարգերը տեղադրված չեն, ճանապարհները շարունակում են վնասվել։ Բնակիչները չգիտեն նաև, թե որ հատվածներում դրանք կտեղադրվեն։ Ավազահանքի բեռնատարները քանդել են նաև Մարգարա-Արգավանդ-Արմավիր հանրապետական նշանակության Հ-15 ճանապարհը: Վարդանաշենցի զրուցակիս վրդովված է.
«Տաքսին գալիս, հասնում է Արգավանդ վարորդն ասում է՝ իջիր, Վարդանաշեն չեմ գնա, այդ ճանապարհով չեմ անցնի: Մենք էլ իջնում ենք ու սպասում գյուղ գնացող մեքենաների: Խայտառակ վիճակ է»:
Արմավիր-Արգավանդ-Մարգարա հանրապետական նշանակության 20կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվել է 10 տարի առաջ՝ պետական բյուջեի միջոցներով: Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետն ասում է, որ Արազափից-Վարդանաշեն ճանապարհի վնասված հատվածներում փոսալցումներ կարվեն: