Ստամբուլում ավարտվել է ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին օրը: Դրանք տևել են ավելի քան երեք ժամ:

ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին բանակցությունները համարել է կառուցողական: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ռուսական պատվիրակությունը Ստամբուլում ուկրաինական կողմից ստացել է հստակ ձևակերպված դիրքորոշում և առաջարկներ, որոնք կուսումնասիրվեն և կհասցվեն երկրի ղեկավարությանը: Ըստ Մեդինսկու՝ Կիևի ներկայացրած առաջարկներն են՝

Ուկրաինան հռչակվում է չեզոք, որևէ դաշինքի չմասնակցող, ապամիջուկային պետություն՝ միջազգային իրավական երաշխիքներով։ Ներկայացվել է երաշխավոր երկրների ցանկը։

Անվտանգության երաշխիքները չեն տարածվում Ղրիմի և Դոնբասի վրա, այսինքն՝ Ուկրաինան հրաժարվում  նրանց ռազմական ճանապարհով վերադարձնելուց։ Դա Մոսկվայի դիրքորոշմանը չի համընկնում, սակայն ձևավորված է որպես Կիևի մոտեցում։ 

Ուկրաինան հրաժարվում է ռազմական դաշինքներին անդամակցելուց, իր տարածքում առանց երաշխավոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնության տեղակայել օտարերկրյա ռազմակայաններ և զորակազմեր, ինչպես նաև անցկացնել զորավարժություններ։

Ռուսաստանը չի առարկում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը։ 

Ուկրաինան խնդրում է ձևակերպել վերջնական որոշումը՝ երկու երկրի ղեկավարների հանդիպման ժամանակ։ 

Ռուսական պատվիրակության ղեկավարի խոսքով՝ արագ աշխատելու և փոխզիջման հասնելու դեպքում հաշտության պայմանագիր կնքելու հնարավորությունն ավելի կմոտենա:

«Այսօրվա բովանդակալից զրույցից հետո մենք համաձայնեցրել և առաջարկում ենք լուծում, ըստ որի՝ պետությունների ղեկավարների հանդիպումը հնարավոր է արտաքին գործերի նախարարների կողմից պայմանագրի նախաստորագրման հետ միաժամանակ: Ընդ որում, նախաստորագրման և պայմանագրի մանրամասների քննարկման պահին հնարավոր է քննարկել տարբեր քաղաքական նրբություններ և մանրամասներ»,- ասել է Մեդինսկին:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն