ՌԴ ռազմական գործողությունն Ուկրաինայում նոր փուլ է մտնում․ 36-րդ օրվա վերջին մանրամասները
Ռուսական զորքերի մի մասը հետ է քաշվել Կիևի և Չեռնիգովի շրջաններից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նշված երկու ուղղություններում տեղի է ունենում զորքերի պլանային վերախմբավորում։ Ըստ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի՝ ռազմական գործողությունների առաջին փուլի նպատակն է եղել հակառակորդին ստիպել ուժերը, ռեսուրսները և ռազմական տեխնիկան կենտրոնացնել մեծ քաղաքների մոտ՝ զրկելով նրան հնարավորությունից ուժերն օգտագործել ռուսական բանակի գործողությունների գլխավոր ուղղության վրա Դոնբասում։ Ըստ Կոնաշենկովի՝ այդ բոլոր նպատակներն իրականացվել են, և արդեն հող է նախապատրաստվել գործողությունների եզրափակիչ փուլի համար։
«Միաժամանակ ռուսական բանակը լուծել է մեկ այլ խնդիր ևս, այն է՝ Ուկրաինայի արևմտյան և կենտրոնական շրջաններից հակառակորդի նոր ուժերի հոսքի բացակայության պայմաններում, պրոֆեսիոնալ ռազմական գործողությունների միջոցով ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները Դոնբասի հանրապետությունների ազատագրման գործողության եզրափակիչ փուլն իրականացնելու համար։ Այսպիսով, Կիևի և Չեռնիգովի ուղղություններում Ռուսաստանի զինված ուժերի բոլոր հիմնական խնդիրները կատարվել են։ Ռուսաստանի զինված ուժերի վերախմբավորման նպատակն առաջնահերթ ուղղություններում գործողությունների ակտիվացումն է և, առաջին հերթին, Դոնբասի լիակատար ազատագրման գործողության ավարտը»,- հայտնել է Իգոր Կոնաշենկովը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանական հետախուզությունն իր հերթին հայտարարություն է տարածել ռազմական գործողությունների առկա իրադրության վերաբերյալ՝ նշելով, որ չնայած Ռուսաստանի հայտարարություններին՝ Չեռնիգովի շուրջ շարունակվել են հրետակոծությունները և հրթիռային հարվածները, նաև կանխատեսումներ է արել առաջիկա օրերի վերաբերյալ։
«Ռուսական ուժերը շարունակում են դիրքեր պահել Կիևի արևելքում և արևմուտքում՝ չնայած սահմանափակ թվով ստորաբաժանումների հետքաշմանը։ Ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին քաղաքի արվարձաններում ծանր մարտեր տեղի կունենան»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ Մարիուպոլում թեժ մարտերը շարունակվում են, այնուամենայնիվ, քաղաքի կենտրոնը գտնվում է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ։
Shantnews.am



















